Ուկրաինան Հայաստանին ու Ադրբեջանին մաղթում է բացառապես խաղաղություն, Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստին հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Շատ կարևոր է, որ Հայաստանն այսօր հանդես է գալիս բոլոր եվրոպացիների հետ, ի միջիայլոց, 24 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ Ուկրաինայի նախագահն այց է կատարում Հայաստան, սա, իսկապես, նշանակալի փաստ է, սա ցույց է տալիս մեր միասնականության մասշտաբը»,- ընդգծեց Զելենսկին։
Նա անդրադարձավ նաև ռուս-ուկրաինական պատերազմին՝ շեշտելով, որ պատերազմը շարունակում է նույնքան կատաղի լինել, որքան՝ նախկինում։
«Այս ամառը լինելու է այն պահը, որ Պուտինը պետք է որոշի, թե ինչ անի՝ ընդլայնի՞ պատերազմը, թե՞ անցում կատարի դիվանագիտությանը, մենք պետք է նրան մղենք դիվանագիտություն»,- ասաց Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մայիսի 9-ին շքերթ է անցկացնելու ռազմական տեխնիկայով։
«Եթե դա տեղի ունենա՝ առաջին անգամ է լինելու, որ նրանք չեն կարողանալու ցույց տալ իրենց ռազմական տեխնիկան, վախ սփռող ԱԹՍ-ները բզզալու են Կարմիր հրապարակի վրա։ Սա ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն, պետք է շարունակենք մեր պատժամիջոցները նրանց դեմ»,- Երևանում հայտարարեց Ուկրաինայի նախագահը։
Նա ասաց, թե պետք է շարունակել Ռուսաստանի նկատմամբ ճնշումները։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա շքերթը կանցկացվի սովորականի պես։
«Իհարկե, շքերթը կկայանա։ Մենք պատշաճ կերպով կտեղեկացնենք շքերթի ձևաչափի մասին», - ասել է նա։
***
Սա անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից: Այս մասին ասել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցին Հայաստան՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում:
«Սա այնպիսի անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից, որին մենք այնքան անգամ ենք փրկել։ Ժամանակն է մտածել այդ երկրում ռուս բնակչության և մեր շահերի պաշտպանության մասին։ Եթե ոչ Վլադիմիր Վլադիմիրովիչը, ապա նրա հաջորդը հաստատ ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել»,- հայտարարել է Սիմոնյանը:


