Yerkir.am-ը գրում է
Հիշո՞ւմ եք Անդրանիկին: Դե, այն տղան, ով բոլորովին վերջերս անցավ հայ-ադրբեջանական շփման գիծը /չշփոթել սահմանի հետ/ եւ մտավ Ադրբեջան: Հանձնվեց: Հիշո՞ւմ եք՝ Անդրանիկի մասին շատերը խոսեցին` որպես դավաճանի: Մեծ հաշվով` տղայի արածը հանգիստ տեղավորվում է «դավաճանություն» հասկացության մեջ, հատկապես, որ տղան, ինչպես մեր պաշտպանական գերատեսչությունները վկայեցին, բանակ գնալուց առաջ եւ մինչեւ սահմանը հատելը հոգեկան խանգարումներ չի ունեցել /եթե ունեցել է, ապա դավաճան պետք է գտնել նրանց մեջ, ովքեր մեր սահմանը վստահում են հոգեկան խանգարումներ ունեցողներին/: Անդրանիկի հարցում հասարակական կարծիքը երեք մասի բաժանվեց. նա դավաճան է` մեկ, խեղճ, հոգեկան խանգարումներ ունեցող տղա է` երկու, եւ նրա արածը մեզ չի հետաքրքրում, մեզ մեր հոգսերն էլ բավարար են` երեք:
Այսօր հայ-ադրբեջանական սահմանը /չշփոթել շփման գծի հետ/ անցել է ՀՀ մեկ այլ քաղաքացի` Տիգրան Խզմալյանը: Նա Ադրբեջան է մտել: Հանձնվել է: Ադրբեջանական haqqin.az կայքը հարցազրույց է հրապարակել Խզմալյանի հետ: Առաջինն ինչ արեցինք, այս հարցազրույցը տեսնելով, Խզմալյանի հետ կապնվել էր` մեկ հարցով` ճշտող հարցով, հերքման հույս ունեցող հարցով` հարցազրույց տվե՞լ եք, եթե տվել եք, ապա Ձեր խոսքերն ադրբեջանցիները չե՞ն խեղաթյուրել:
Խզմալյանն ասաց՝ հարցազրույց տվել է, իր խոսքերն էլ խեղաթյուրված չեն: Իսկ հարցազրույցում Խզմալյանը Հայաստանի գործող իշխանություններին ողջ Ադրբեջանի առջեւ անվանել է գանգստեր, նա բոլոր ադրբեջանցիներին տեղեկացրել է, որ Հայաստանից արտագաղթն ահագնացող տեմպերի եւ մակարդակի է հասել /ուրախացեք/, որ Հայաստանը դատարկվում է… /Ի դեպ, երբ ադրբեջանցիները հայ ռազմագերի են վերցնում, նրան հենց նույն հարցերն են տալիս, եւ նա, եթե խոսում է, հենց նույն բաներն է պատմում, իհարկե, շատ հաճախ` ճնշման տակ/:
Երբ հայ մարդը պատերազմական իրավիճակում /կիսապատերազմական իրավիճակը պատերազմից էլ վատ է/ նման բան է ասում ադրբեջանական կայքին, դա հայ-ադրբեջանական սահմանի անցում է` դավաճանություն: Խզմալյանը հոգեկան խանգարումներ չունի, հետեւաբար, նա համաձայնել է ադրբեջանցիների հետ զրուցել եւ նրանց ասել է այն, ինչ ասել է` գիտակցաբար, մտածված, վստահ… Անդրանիկը, շփման գիծն անցնելու պահին եւ հատկապես` դրանից հետո, շատ հնարավոր է, որ հոգեկան խնդիրներ է ունեցել: Ուրեմն Անդրանիկը դավաճան չէ: Դավաճանները մեր կողքին են, դեռ կինո էլ նկարում են` հայրենիքի ու նրա հանդեպ սիրո մասին:
Հովիկ Աֆյան
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում