▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԽՍՀՄ-ում գաղտնի պահված սարքը Հայաստանում է

2001 թվականի հունիսի 27-ին Գառնի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տարածքում (Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված) է հիմնադրվել Տիեզերքի թանգարանը, որը ներկայացնում է գիտության այս ոլորտում Հայաստանի ոչ վաղ անցյալի նվաճումները: Ներառում է Հայաստանի ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս աստղագետ Գրիգոր Գյուրզադյանի ղեկավարությամբ սկզբնական շրջանում Բյուրականի աստղադիտարանում, ապա Գառնիում կատարված տիեզերական աստղագիտության և տիեզերական սարքաշինության վերաբերյալ հետազոտությունների նմուշներ, փաստաթղթեր։

Թանգարանում ցուցադրված են օրինակ՝ Տիեզերքից վերադարձած վայրէջքային սարքը, ՕՐԻՈն-2-ի կրկնօրինակը և այլն: Թանգարանը ընդգրկում է նաև Հայաստանում նախաթռիչքային պատրաստում անցած խորհրդային տիեզերագնացների, «ВОСТОК»,  «СОЮЗ» տիեզերանավերի ճարտարագետների, գիտնականների տիեզերական հետազոտություններին առնչվող ձեռագրերը: Թանգարանի  առավել  հետաքրքիր նմուշներից է  Նոբելյան դափնեկիր Հանս Բեթեյի`միջուկային զենքի ստեղծման գլխավոր դեմքերից մեկի ձեռագիր հոդվածը, որը գրվել է Գրիգոր Գյուրզադյանի հետ միասին:

Հայկական աստղագիտական ընկերության և Տուրիզմի հայկական ինստիտուտի Գիտական տուրիզմի ամբիոնի կազմակերպած այցելության ժամանակ թանգարանի տնօրեն Վահագն Գյուրզադյանը` Գրիգոր Գյուրզադյանի որդին, ներկայարեց K-2 հրթիռային աստղադիտարանի վայրէջքային հատվածը՝ ասելով.«Տիեզերքից Երկիր վերադարձած, եզակի նմուշներից մեկն է: Սա սարքավորման վայրէջքային հատվածն է: Ներքևի հատվածն ունի այրվածքի հետքեր: Իրական գույնը սպիտակն է, բայց 500 կմ բարձրությունից իջնելուց մակերևույթը քանի որ  տաքացել է մինչև 6000 աստիճան, արդյունքում սև և կարմիր հետքեր կան: Սարքը պատված է ջերմամեկուսիչ, հրակայուն հատուկ նյութով, որպեսզի վայրէջքի ընթացքում դիմակայի ջերմափոխանակությանը՝ ներսում գտնվող մարդուն կամ սարքավորմանը փրկելու համար, մինչ կհասնի գետնին: Այն, ինչով պատված է այս սարքը, ժամանակին ԽՍՀՄ-ում գաղտնի էր, որովհետև այն ստեղծելու համար հատուկ ֆիզիկոսներ են զբաղվել»:

Անի Կարապետյան

 Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more