Խոյ համայնքի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանն ու նրա եղբայրը իրենց ծննդավայր Շահումյան գյուղում խայտառակ ծեծկռտուք են սարքել, բռնության են ենթարկել անգամ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին։
Տեղացիների փոխանցմամբ՝ ծեծի ենթարկված ոստիկաններից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է։
Իմ տեղեկություններով՝ միջադեպի հետեւանքով ձերբակալվել են Յայլոյան եղբայրները, նրանց որդիները, եւս մի քանի անձ։
Շահումյան գյուղում համոզված են, որ պատմությունը իրավական հետեւանք չի ունենա։
«Ոստիկաններին ծեծողներից մեկը ՔՊ-ական համայնքապետ է, ուստի ամեն ինչ կմնա անպատիժ», — ինձ հետ զրույցում ասաց ականատեսներից մեկը։
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ինձ հետ զրույցում հաստատեց լուրը, ասաց, որ նման միջադեպ իսկապես արձանագրվել է։
«Կան հինգ ձերբակալվածներ, նախաձեռնվել է քրեական վարույթ», — նշեց Սարգսյանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը:
***
Նման զարգացումը իշխանության համար կդառնար իսկական սկանդալ: Այս մասին գրել է լրագրող Լիա Սարգսյանը։
«Կանխատեսելի էր, որ Խոյ համայնքի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանին իրավապահները պիտի «փրկեին»։ Վաղը իշխանական մամուլը կհերքի նրա մասնակցությունը Շահումյանում տեղի ունեցած ծեծկռտուքին, քանի որ իշխող ուժը կոնկրետ հրահանգ է իջեցրել՝ մաքրել համայնքապետի անունը խայտառակ միջադեպից:
Ակնհայտ է՝ ՔՊ-ական համայնքապետին չեն ձերբակալել միայն այն պատճառով, որ առաջիկայում Վաղարշապատի ընտրություններ են, և նման զարգացումը իշխանության համար կդառնար իսկական սկանդալ։
Ինչպես արդեն հայտնի է՝ Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն և նոյեմբերի 16-ին կանցկացվի համայնքապետի ընտրություններ:
Ի դեպ, համայնքապետը շտապել է հերքել լուրը, այդպիսով հաստատել այն:))
Ըստ նրա՝ միջադեպը կապված է եղել ոստիկանության ոչ ծառայության մեջ գտնվող անձի և Շահումյան բնակավայրի մի խումբ երիտասարդների միջև, որոնց թվում է նաև իր եղբոր որդին։ «Վեճը ծագել է բացառապես ներանձնային հարցի շուրջ։ Կարևորում եմ ընդգծել, որ երկու կողմերն էլ միմյանց ազգական են»,-գրել է նա՝ վստահեցնելով, թե ինքն ու իր եղբայրը միջադեպի հետ կապ չունեն։
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է վարույթում։ Վստահեցնում եմ, որ գործի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան»-խոստանում է ՔՊ-ական համայնքապետը:
Շնորհակալություն տեղեկությունը հաստատելու համար»: