Ղազախստանից Հայաստան է տեղափոխվել 1000 տոննա 4-րդ կարգի ցորեն. այս մասին հայտնել է Ղազախստանի նախարարության գյուղատնտեսության նախարարությանը կից «Սննդի կորպորացիա» ընկերության կառավարիչ Տոբիլբեկ Օմարովը։
Նա նշել է, որ 15 վագոնանոց գնացքը հաջողությամբ անցել է նոր երթուղով՝ Ղազախստանից՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջով:
Ընկերության կառավարչի խոսքով՝ Սննդի պայմանագրերի կորպորացիան ներկայումս բանակցություններ է վարում հայ գործընկերների հետ, որոնք հետաքրքրված են ղազախական ցորենի կայուն մատակարարմամբ։ Ընկերությունը նշել է, որ հացահատիկի առաքումները դեպի Երևան կարող են աճել ապագայում։
Նշենք, որ 4-րդ կարգի ցորենը փափուկ ցորեն է՝ ցածր թխման հատկություններով, որն օգտագործվում է հիմնականում կերերի արտադրության համար որպես հավելանյութ՝ հաց թխելիս, երբ խառնում են ավելի խոշոր ցորենի տեսակների հետ։
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը «Այսօր.ամ»-ի հետ զրույցում նշեց, որ Ղազախստանում այս տարի եղանակային պայմանների պատճառով ցածրորակ ցորենի բերք է ստացվել: Նա, սակայն, հստակ չի կարողանում ասել՝ արդյոք 3-րդ և 4-րդ կարգի ցորեն է ներկրել Հայաստանը, որը պարենային ցորեն չի հանդիսանում: Միևնույն ժամանակ, Մնացականյանը չի բացառում, որ կարող է Հայաստանից մասնավոր ընկերությունը առաջին կարգի ցորեն է գնել:
«3-րդ և 4-րդ կարգի ցորենից լավ կարգի ալյուր չի ստացվում: Այդ ցորենը, սակայն, մարդու առողջության համար վտանգավոր չէ: Ենթադրենք՝ ցորենի նատուրան պետք է լինի 700 միավոր, սոսնձանյութը լինի 20 միավոր, այդ կարգերի դեպքում ավելի ցածր միավոր է լինում և լավ որակի ալյուր չի ստացվում: Աշխարհում արտադրված ցորենի 70 տոկոսը կիրառվում է որպես անասնակեր, միայն 30 տոկոսն է օգտագործվում որպես ալյուր և պարենային սննդամթերք»,-նկատեց գյուղատնտեսը:
Հավելենք՝ համաձայն ղազախական լրատվամիջոցների, Ղազախստանի կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովը պաշտոնապես հայտարարել էր, որ աշնանային անձրևները հանգեցրել են Ղազախստանում ցորենի որակական ցուցանիշների անկման։ Ըստ նրա՝ այս տարվա բերքի 40 տոկոսը ցածրակարգ է, փափուկ ցորենի ծավալի 60%-ը դասակարգվել է որպես երրորդ կարգի, 28%-ը՝ որպես չորրորդ:
Դիտեք նաև՝


