▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղցիներին հալածողներն ու վիրավորողները ստոր ու նենգ արարածներ են․ Կարպիս Փաշոյան

Արցախցիների նկատմամբ ատելության խոսքը ամենևին էլ նորություն չէ մեր միջավայրում։ Այս երկրում հալածվել են նաև արևմտահայ գաղթականները, հայրենադարձ ախպարները, իսկ հիմա էլ արցախցիների հերթն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է Կարպիս Փաշոյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Մեր ընտանիքի պատմության մեջ դեռևս թարմ են դառնահամ հիշողությունները, թե ինչպես էին տեղաբնիկները Իրանից Հայաստան տեղափոխված պապիս պարսիկ ու թուրք անվանել։ Սա սոցիալական ու մշակութային խորը արմատներ ունեցող խնդիր է, որը ներկայումս սնվում և արդյունավետ կերպով օգտագործվում է ՔՊ-ի կողմից։ Իհարկե իշխանության վերարտադրության և ամրապնդման նպատակով։

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը կարող է փակել Ղարաբաղյան շարժումը՝ արժեզրկելով ու պղծելով Հայաստանի պատմության արցախյան բջիջը։ Միգուցե դա նրան հաջողվի, բայց նաև չի բացառվում, որ հենց Փաշինյանն էլ մնա Ղարաբաղյան շարժման փլատակների տակ։

Ես համոզված եմ, կատարվածը անհետևանք չի մնալու։

Իսկ ղարաբաղցիներին հալածողներն ու վիրավորողները ստոր ու նենգ արարածներ են։

Ղարաբաղցիները կռվել են։ Ղարաբաղցիները չեն փախչել։ Ղարաբաղցիները ձրիակեր չեն ու մեր հարկերով չեն ապրել։ Ղարաբաղցիները այլ երկրից տեղափոխված փախստականներ չեն։ Հայաստանը ղարաբաղցիների երկիրն է։ Հայաստանը պարտավոր է ղարաբաղցիների իրավունքները պաշտպանել ու լուծել նրանց խնդիրները։ Հայաստանը ղարաբաղցիներին լավություն չի անում։

Եվ ինչպես կասեր առաջին նախագահը, դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստանը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Նախագահը շատ կոռեկտ է արտահայտվել։ Իրականում նման հարցադրման հնարավորությունն արդեն իսկ հիվանդության, անբարոյականության և նենգության ցուցիչ է։ Առողջ մարդը միգուցե կհասկանար, որ հայաստանցին ու ղարաբաղցին իրար համար ինչ-որ մի բան անելու խնդիր ի սկզբանե չէին կարող ունենալ, քանի որ բոլորը միասին ունեցել են մեկ խնդիր և միասնաբար պայքարել են հանուն այդ մեծ գաղափարի․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more