«Հայկական Ժամանակ» օրաթերթի կայքը գրում է. Հայաստանում փետրվարի 22-ին օդանավ շահագործողի վկայական է ստացել «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն, որի մասին արդեն բավական ժամանակ է խոսվում է: Ընկերության հիմնադիրը «Georgian Airways» ընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլին է: Բաժնետերերից են նաեւ Աշոտ Թորոսյանը եւ Ռոբերտ Օգանեսյանը: Վերջինս, որ նաեւ «Ավիակոմպանիա Արմենիա»-ի տնօրենն է, Վրաստանի քաղաքացի է:
Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն աշխատելու համար դեռ մի շարք գործընթացներ պետք է անցնի, մասնավորապես օրինակ կանոնավոր չվերթներ իրականացնելու հավաստագիր ստանա եւ այլն: Ուստի, ըստ Գրձելյանի, մեկ ամսից ընկերությունը աշխատելու հնարավորություն կունենա:
Նշենք, որ ընկերության հիմնադիրներից Թամազ Գաիաշվիլին երեկ հայտարարել է, որ ապրիլից պատրաստվում են չվերթներ իրականացնել: Նա մի շարք հայտարարություններ է արել, որոնք ՀՀ կառավարության քաղաքականությանը այդքան էլ չեն հանապատասխանում: Մասնավորապես, ըստ Գաիաշվիիլու, Հայաստանում այս ոլորտում ոչինչ չի ստացվի, եթե շուկան ազատ թողնես: Նա ակնկալում է Կառավարության աջակցությունը: Բացի այդ, կարծում է, որ «բաց երկնքի» քաղաքականությունը, որ որդեգրել է մեր պետությունը, չի կարող արդյունավետ լինել Հայաստանի նման փոքր երկրի համար:
Նյութը՝ սկզբնաղբյուրում