NewsBook.am-ը գրում է. Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը և համայնքում տարբեր պաշտոններ զբաղեցնող նրա եղբայրները տարաբնույթ ճնշումներ են գործադրում 2013 թվականին զորամասերից մեկում ծառայակցի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի` սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքի նկատմամբ: Ինչպես NewsBook-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լյուքս Ստեփանյանի հայրը` Իշխան Ստեփանյանը, գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանն ամեն տարի յուրացնում է Հաղթանակի օրն ընտանիքին տրամադրվող դրամական օգնության զգալի մասը։ Գյուղապետի եղբայր Արսեն Ղուկասյանն էլ (ով գյուղի ամբուլատորիայի վարիչն է) ամեն անգամ դանակը ոսկորին է հասցնում, մինչև տալիս է Լյուքսի մորը` Լուիզա Ստեփանյանին պետպատվերով հատկացվող դեղորայքը: «Որդուս կորուստից հետո կինս դարձավ 2-րդ կարգի հաշմանդամ, ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ:
Կառավարությունը գյուղի ամբուլատորիայի միջոցով մեզ անվճար դեղեր էր հատկացնում, սակայն առանց քաշքշուկների երբեք չեմ կարողացել այդ դեղերը ստանալ: Կամ ձգձգում էին, կամ էլ ցածր չափաբաժիններով տալիս, այնքան, որ ստիպված էի լինում գյուղապետի եղբորը պատկանող դեղատնից ինձ պետք եղած դեղերը սեփական միջոցներով ձեռք բերել: Այս հարցով բազմիցս դիմել եմ ՀՀ առողջապահության նախարարությանը, սակայն ապարդյուն: Անցած տարի էլ կնոջս վիճակը շատ վատացավ, աշնանը 2 ամսով հիվանդանոց պառկեց, դեղեր նշանակեցին, սակայն Արսեն Ղուկասյանն ամբուլատորիայում ասաց, որ կնոջս անվճար դեղեր չեն հասնում»,- զայրացած պատմեց մեր զրուցակիցը` հավելելով, որ անդադար մերժումներից հոգնած` անցած տարվա աշնանից ինքն այլևս չի դիմել ամբուլատորիա:
Իշխան Ստեփանյանի խոսքով` գյուղապետի և նրա եղբայրների բազմաթիվ ապօրինությունների մասին նամակներ է հղել տարբեր գերատեսչություններ` ՊՆ, ՀՀ ոստիկանություն, Գլխավոր դատախազություն և այլն, սակայն Ղուկասյաններին կարգի հրավիրող այդպես էլ չի գտնվել:
«Ինչ վերաբերում է հենց գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանին, ապա նա ամեն անգամ գրպանում է տղայիս մահվանից հետո մեզ հատկացվող դրամական օգնությունը. 2014 թվականին 25 հազար դրամի փոխարեն ծրարով ինձ տվեց ընդամենը 10 հազար դրամ, անցած տարի էլ 30 հազար դրամ հատկացված գումարից յուրացրեց 20 հազար դրամը: Ես, իհարկե, չեմ վերցրել այդ գումարները, սակայն նույն բանը տեղի է ունենում նաև գյուղի ազատամարտիկների, պատերազմի հաշմանդամների հետ: Նրանք մի պահ վրդովել և դժգոհել էին այս ամենից, սակայն հետո, չգիտեմ` ինչպես, լռեցին, համաձայնեցին գումարների ստացման դիմաց եղած կեղծ ստորագրությունների հետ: Նրանք իրենց սկզբնական ցուցմունքներն ամբողջությամբ փոխել են»,- ասաց Լյուքս Ստեփանյանի հայրը` նշելով, որ զոհված ազատամարտիկների` բյուջեից հատկացված գումարներով կառուցված հուշարձանի վրա գյուղապետն «անմահացրել» է հոր, իր և եղբայրների անունները` իբրև հուշարձանը կառուցվել է իրենց կողմից:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում