ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները:
Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ և իմաստնություն՝ այս պատասխանատու կարգավիճակում:
Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այս շրջանում Սահմանադրական դատարանի գործունեության համար որևէ խոչընդոտ չառաջանա»:
Հավելենք, որ հունիսի 27-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ: Արարատ Միրզոյանը Աշոտ Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել են ՍԴ դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը 2020 թվականի հունիսի 26-ի դրությամբ եղել է 12 տարուց ավելի:
ԱԺ նախագահը տեղեկացրել է նաև, որ ՀՀ Սահմանադրության հոդված 213 4-րդ մասի համաձայն դադարել է նաև Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, և ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները մինչև ՍԴ նոր նախագահի ընտրությունները իրականացվում են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից:
Քանի որ 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է, Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու կապակցությամբ:
Աշոտ Խաչատրյանն իր հերթին հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։