«Դատական համակարգի շուրջ խնդիրները ի վերջո բխում են անկատար Սահմանադրությունից»,- այս մասին նշել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն՝ ընդգծելով, որ Հայաստանին սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ։
Հայրիկյանը կարծում է, որ եթե գործադիրի ղեկավարը ցանկանում է խառնվել դատական իշխանության գործերին, ապա միայն Սահմանադրական փոփոխությունների և ժողովրդի միջոցով։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի քննադատություններին, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է ՍԴ-ն՝ ինչպես մի նոտարական գրասենյակ, ապա Պարույր Հայրիկյանը տեղին չի համարում, որ վարչապետը քննադատում է Հրայր Թովմասյանին։ «Երբ իշխանության որևէ ճյուղի ղեկավար քննադատում է, արդեն արժեզրկում է իր քննադատությունը, նույնիսկ ամենաառողջ քննադատությունը, որովհետև ինքը խոսում է իր մրցակցի մասին, իրեն կաշկանդելու կոչված ուժի մասին»,- ասել է Հայրիկյանը։