A1plus.am-ը գրում է. Գառնեցիները նախ վարչապետից երաշխիքներ խնդրեցին, որ իրենց այլեւս ոչ ոք չի սպառնա, չի վախեցնի իրենց պայքարի համար, ապա հորդորեցին ասել, թե երբ գրավոր կչեղարկվի ծրագիրը՝ այդպես էլ չցանկանալով բացել մայրուղին։ Հովիկ Աբրահամյանը խոստացավ գրավոր չեղարկել ծրագիրը երկուշաբթի օրը։
«Եթե ծրագիրը խնդիր չունենար, դուք փակեիք ճանապարհը՝ ոչ մի բան չէր փոխի դա, պետությունը կբացեր ճանապարհը, բայց եթե եկել ենք այստեղ, ուրեմն մենք էլ ենք հասկանում, որ թերություններ կան»,-ասաց վարչապետը՝ հորդորելով բացել ճանապարհը, որպեսզի նա մոտենա շինաշխատանքների հատվածին։
Հիշեցնենք, որ Գառնի գյուղի բնակիչներն այսօր առավոտվանից կրկին փակել են Երեւան-Գառնի ճանապարհը: Նրանք պահանջում են դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: Կառավարության որոշմամբ՝ Ազատ գետի ջուրը պետք է վերցվի խողովակի մեջ և ուղղվի Արարատի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերը:
Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանն այստեղ իր շահը ունի, քանի որ այդ ջրով ոռոգվելու են նրան պատկանող հողատարածքները, ինչպես նաեւ այդ ջուրը գնալու է նրա ձկնաբուծարանները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լսել է գառնեցիներին։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում