Արևելյան և հարավարևելյան Անատոլիայում վերջին օրերի ընթացքում տեղի ունեցող ռազմաահաբեկչական գործողությունների պատճառով մեծապես տուժել է տարածքի զբոսաշրջությունը: Թուրքիայում տիրող վտանգավոր մթնոլորտը իր բացասական ազդեցությունն է ունենում նաև պատմական Հայաստանի՝ ներկայումս զբոսաշրջական մեծ հետաքրքրություն ներկայացնող վայրերում:
Ըստ թուրքական «Turkiye gazetesi» պարբերականի՝ մասնավորապես Վան քաղաքում, որտեղ հյուրանոցները մշտապես 90% ինտենսիվությամբ հյուրեր են ունենում, զբոսաշրջիկների կողմից չեղյալ են հայտարարվել գրեթե բոլոր ամրագրումները՝ մինչև հոկտեմբեր:
Վանի զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրը նշել է, որ ռազմական գործողությունների պատճառով տուրիստական գործակալությունների բոլոր ծրագրերը տակնուվրա են եղել: Իսկ Վանի «ELİTE WORLD» հյուրանոցի տնօրեն Գյուրքան Աքբայի խոսքով ՝ հյուրանոցների այցելուների թվում աննախադեպ անկում է գրանցվել:
Մասնավորապես, տարածաշրջանում տիրող լարված իրավիճակի, հաճախակի զինված բախումների, ճանապարհները կտրող և մեքենաների ու ուղևորների ուղղությամբ կրակ բացող զինյալների գործողությունների պատճառով Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամեն տարի սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը անցկացվող սուրբ պատարագը ուխտավորների պակասի կամ ընդհանրապես չեղյալ համարվելու վտանգի տակ է հայտնվել: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ պատարագին մասնակցելու համար արտերկրից Վան ժամանել ցանկացող բազմաթիվ անհատներ և զբոսաշրջիկների խմբեր մեկը մյուսի հետևից չեղյալ են հայտարարում հյուրանոցներում կատարած ամրագրումները՝ ելնելով անվտանգության ապահովման խնդիրներից:
Աղբյուրը՝ Ermenihaber.am