«Չգիտեմ ինչու՝ կարծում եմ, որ «Սասնա ծռերի» տղաների այս ըմբոստ քայլը տարածքնեը հանձնելու հետ է կապված: Անհրաժեշտ է խոսել նրանց հետ: Առաջին հերթին պետք է ազատ արձակեն Սէֆիլյանին ու ասեն՝ ձեր պահանջը կատարեցինք, 2-3-րդը դա ժամանակի խնդիր է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:
Շարունակելով վերջինին՝ դերասանուհի Լալա Մնացականյանը նկատեց.
«Թումանյանի «Չարի վերջ»-ում է ասվում չէ՝
Աստված սիրես,
Էս մինն ահա
Տար քեզ ծառա,
Միայն թե էդպես
Մի ջնջիր մեզ
Բնով–տեղով,
Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ Կկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
— Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
Իմ խեղճ կուկու...
Լաց էր լինում մարիկ Կկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։
— Էս սարը իմն է, Էս ծառը իմն է...
Հիմա, եթե մեկ թիզ հող հանձնենք, անընդհատ ենք հանձնելու: Արցախը հանձնել՝ նշանակում է Հայաստանն այլևս չկա: Մենք նահանջելու տեղ չունենք: Ո՞ւր ենք փախչելու: Որոշեք՝ մեր թոռներին ստրուկի կարգավիճա՞կն ենք թողնելու, թե՞...: Տղաները պահանջում են կոնկրետ քայլեր, իսկ իրենք պատասխանում են մոտավորապես և ընդհանրապես:
Անի Կարապետյան