imID-ն Հայաստանի համար թվային ինքնության նոր մակարդակ ու չափանիշ է սահմանում։
Ապրիլի 15-ին տեղի է ունեցել վստահության ծառայություններ մատուցող imID ընկերության գրասենյակի պաշտոնական բացումն ու նախագծի շնորհանդեսը:
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում թվային փոխակերպումները դարձել են համար մեկ հրամայականը, որոնցից անմասն չի մնում նաեւ Հայաստանը։ Ունենալով երկրի թվայնացման ռազմավարության՝ Հայաստանը եւս խթանում է անձնական տվյալների պաշտպանությունը եւ թվային տիրույթում վստահելի ու արագ գործընթացների իրականացումը, որոնց հիմքում վստահության ծառայություններ մատուցող ընկերություններն են (Trust Service Providers)։
Այս գաղափարն ունենալով եւ արդյունավետ թվային ինքնության գործիք ստեղծելու նպատակով 2024 թվականին Հայաստանի 10 բանկ եւ հեռահաղորդակցության ոլորտի 3 ընկերություն միավորվել ու հիմնադրել են imID-ին։
imID-ի Հիմնադիր Խորհրդի կազմում է նաեւ IDBank-ը։
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն ասել է, որ imID-ն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ստանալ որակյալ, անվտանգ ու մատչելի ծառայություններ ժամանակակից թվային աշխարհում.
«Բիզնեսի տեսանկյունից եւս imID-ն մեծ դեր ունի․ վերջինս կնպաստի բիզնես հարաբերությունների արագ ու անվտանգ իրականացմանը՝ բերելով բիզնեսի ծախսերի նվազեցմանն ու արդյունավետության բարձրացմանը»:
IDBank-ի թվային բանկինգի տնօրեն եւ imID-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ Սերգեյ Առաքելյանի խոսքով՝ թվայնացման միտումն ամբողջ աշխարհում է նկատվում. «Ակնկալում ենք, որ Հայաստանը եւս հետ չի մնա թվային տնտեսության զարգացման ուղղությունից՝ հիմքում օգտագործելով տեխնոլոգիական այն հնարավորությունները, որոնք imID ընկերությունը պլանավորում է ներդնել Հայաստանում մոտ ապագայում»:
imID-ն տրամադրում է անվտանգ եւ հուսալի էլեկտրոնային ինքնության լուծումներ՝ անհատների, բիզնեսների եւ պետական մարմինների համար։ Ընկերությունը հնարավորություն է տալիս օգտատերերին առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության իրականացնել էլեկտրոնային գրանցում, մուտք գործել imID-ով, հաստատել գործարքներ, ստորագրել ցանկացած թվային փաստաթուղթ առցանց։
IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: