▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամու արկակոծությունից Մարտակերտում ավերածություններ կան

Ապրիլի 25-ին եւ լույս 26-ի գիշերը ադրբեջանական կողմի արկակոծության հետևանքով Մարտակերտ բնակավայրում ավերածություններ են եղել:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» թերթի խմբագիր Լուսինե Զաքարյանը:

«Ամբողջ գիշեր Մարտակերտի ուղղությամբ թշնամին մի քանի տեղերից կրակում էր: Արկերի ընկած տեղերից պարզ երևում է, որ նրանք թիրախ էին ընտրել հենց խաղաղ բնակչությանը, քանի որ ավերածությունները եղել են հիմնականում քաղաքի կենտրոնում: Ամբողջությամբ և մասնակի ավերվել են տներ, խանութներ և համայնքային նշանակության այլ օբյեկտներ և ենթակառուցվածքներ»,- ասել է Լ. Զաքարյանը և հավելել, որ առայժմ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Լ. Զաքարյանի խոսքով, թշնամու արկակոծությունից քաղաքի բնակչությունը խուճապի չի մատնվել, նրանք պատսպարվել են ապաստարաններում, իսկ առավոտյան անցել իրենց աշխատանքին:

Իսկ ինչ վերաբերում է Մատաղիս բնակավայրին, ապա մեզ հետ հեռախոսազրույցում գյուղի դպրոցի տնօրեն Գեղամ Աղաջանյանն ասաց. «Բարեբախտաբար, այս անգամ թշնամուն չի հաջողվել լուրջ վնասներ հասցնել գյուղին»:

Նրա խոսքով, բնակիչները մասնավոր գույքի մասով որոշակի վնասներ են կրել, սակայն առանձնատներն ու համայնքային նշանակության օբյեկտներն հիմնականում անվնաս են մնացել:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին եւ լույս 26-ի գիշերը հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաեւ Մատաղիսի ուղղությամբ (8 արկ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more