Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այսօրվա հայտարարությանը:
Նշենք, որ պատգամավորի հայտարարությունը վերաբերում էր ԱԺ մամուլի խոսնակ Արսեն Բաբայանի կողմից սոցցանցում արված հաղորդագրությանը, որտեղ վերջինս, ըստ Մարուքյանի, վարկաբեկել է պատգամավորներին՝ ասելով, թե տգետ եւ զավեշտալի հարցեր են տալիս. «Այդ անձնավորությունը կոչված է մեր աշխատանքները լուսաբանելո՞ւ, թե վարկաբեկելու. շունը տիրոջը չի ճանաչում: Նա պետք է ներողություն խնդրի»,-Հայտարարել էր Մարուքյանը:
Սրան ի պատասխան՝ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր, հունիսի 8-ին, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է մայիսի 27-ին ֆեյսբուքի իմ անձնական էջում կատարածս գրառմանը։ Այդ առնչությամբ կրկին իմ անձնական էջում հայտնում եմ. գրառմանս մեջ տեղ գտած կարծիքն իմ` ՀՀ քաղաքացու սեփական կարծիքն է: Այն որևէ առնչություն չունի Ազգային ժողովի հետ և չէր էլ կարող ունենալ։ Նշված գրառմամբ որևէ մեկին վիրավորելու միտում չեմ ունեցել, իսկ եթե պարոն Մարուքյանը վիրավորվել է գրառմանս մեջ տեղ գտած քննադատությունից, ապա թող ներող լինի: