Ապրիլի 12-ին, ժամը 19:00-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սայաթ-Նովա մշակութային միությունը նախաձեռնել է երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագիրը ներկայացնելու է «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը:
Այդ օրն էլ «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը կներկայացնի իր նոր տեսահոլովակը.
«Երբեք տեսահոլովակ չեմ ունեցել, այն ինձ համար ոչ սովորական փաստ է: Կներկայացնեմ ժողովրդական «Դլե յաման» երգը: Առաջին հայացքից այն ժողովրդական, սիրային երգ է, բայց ժամանակների հոլովույթում այն ձեռք բերեց համազգային, ցավի, վշտի արտահայտություն: Այս իմաստով է, որ խորը բան տեսա ու որոշեցի կատարել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թովմաս Պողոսյանը:
Նշենք, որ տեսահոլովակը հնարավոր կլինի դիտել երեկոյի ընթացքում:
Անի Կարապետյան