«Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK) գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը հարցարույց է տվել ֆրանսիական «Le Monde» պարբերականին: Ըստ թուրքական «milliyet» թերթի կայքի` Բայըքը խոսել է վերջին ժամանկներս էլ ավելի սուր բնույթ ստացած թուրք-քրդական բախումների, ռուս-թուրքական լարված հարաբերությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների մասին: Բայըքը նշել է, որ առաջիկա ամիսներին թուրք-քրդական բախումներն ավելի են թեժանալու Թուրքիայի տարածքում և խորանալու է քաղաքացիական պատերազմը: Ընդգծել է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) այս պայքարում համագործակցելու է այլ ուժերի հետ: Սակայն նա չի մանրամասնել թե հատկապես որ ուժերին նկատի ունի: Բայըքի խոսքերով քուրդ զինյալները, երբեք չեն հետևի Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուդալ Օջալանի զենքը վայր դնելու կոչին, որը հնչեցվել էր 2013թ-ին: «Ինչ էլ լինի, որոշումը մերն է: Ասպարեզում մենք ենք և գործնականում մենք ենք տեսել տեղի ունեցածը: Այս իրավիճակում ոչ մի պատճառ չկա պայքարը դադարեցնելու համար: Մերձավոր Արևելքն այս պատերազմի ահետևենաքով մտնելու է նոր դարաշրջան և Քուրդիստանն էլ գտնվում է Մերձավոր Արևելքի կենտրոնում`Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի և Իրանի միջև»:
Աղբյուր` Ermenihaber