Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մայիսի 22-ին կհեռանա պաշտոնից և «Արդարություն և զարգացում» կուսակցությունը արտահերթ համագումար կհրավիրի:
Նոր համագումարին ընդառաջ թուրքական լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել այն հանգամանքը, որ թուրք նախարարների շրջանում ավելացել է բեղեր ունեցողների թիվը։
Հաղորդվում է, որ նրանցից առնվազն 3-ին՝ ներքին գործերի նախարար Էֆքան Ալային, Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին և փոխվարչապետ Յալչըն Աքդողանին բեղեր պահելու «հանձնարարություն» է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական իշխանությունների կուլիսներում արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ «կուսակցության ղեկավարի ու վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար բեղեր ունենալ է անհրաժեշտ»։
Իշխանական շրջանակներում քննարկվում է նաև Թուրքիայի հնարավոր նոր վարչապետի անունը։ Հավանական թեկնածուների թվում են Տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և Էրդողանի փեսայի՝ Բերաթ Ալբայրաքի անունները, գրում է birgun.net կայքը։