«Ռոսսելխոզնադզորը» հունվարի 20-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներկրումը՝ բացատրելով դա դաբաղի համաճարակային իրավիճակով ու այդ հիվանդության՝ ՌԴ տարածք ներխուժելու բարձր հավանականությամբ:
«Գրանցվել է երկու հիվանդ խոզի և խոշոր եղջերավոր անասունի՝ հորթի հիվանդացության դաբաղի մեկ դեպք՝ Արմավիրի մարզի Արազափ համայնքում: Բոլոր կենդանիները ոչնչացվել են: Մեր լաբորատորիայում իրականացված հետազոտությունից հետո նմուշառումն ուղարկել ենք ՌԴ-ի կենդանիների առողջության գիտահեազոտական ինստիտուտ, որպեսզի հասկանանք՝ սա նոր տիպն է, թե՝ առավել հայտնի տիպը: Պատասխանը ստացել ենք հունվարի 14-ին, որով հաստատվել է, որ հարուցիչը հիվանդության նոր տեսակն է»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը՝ հավելելով, որ հիվանդությունն օդակաթիլային ճանապարհով Հայաստան է ներթափանցել Թուրքիայից, որտեղ գրանցվել է 4 դեպք, Իրանում էլ է նույն վիճակը և սա գալիս է Սաուդյան Արաբիայից ու Հնդկաստանից:
Նրա խոսքով՝ այս պահին չունենք երկրորդ դեպքը.
«Ժամանակավորապես արգելվել է այն կենդանիների մուտքը Ռուսաստան, որոնք կարող են վարակվել այս հիվանդությամբ, արգելվել են այդ կենդանիներից ստացված գենետիկական նյութը, միսն ու ենթամթերքը, որոնք չեն անցել այնպիսի մշակում, որպեսզի բացառի վիրուսի առկայությունը: Արգելվել են ջերմային մշակում չանցած կաթն ու կաթնամթերքը, կենդանական ծագման հումքը»:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետը պնդում է՝ ՀՀ-ն ինչ որ արտահանում էր ՌԴ, նույն տեմպով շարունակում է: Հունվարի 20-ին և 21-ին համապատասխանաբար 4-5 մեքենա պանիր է արտահանվել Ռուսաստան:
Մեղադրանքին, թե ինչո՞ւ ենք այդ մասին Ռուսաստանից տեղեկանում, Հովհաննես Մկրտչյանը նշեց.
«Այդ մենք ենք տեղեկացրել Ռուսաստանին՝ հունվարի 15-ին հաղորդագրություն ուղարկելով: Ավելին՝ Գյուղատնտեսության նախարարն այս դեպքին անդրադարձել է կառավարության նիստին և տեղեկացրել՝ նոր տեսակի վակցինայի ձեռք բերման անհրաժեշտության մասին: Չեղյալ է համարվել նախկինում այս հիվանդության համար վակցինա ներկրող ընկերության հետ ունեցած պայմանագիրը, քանի որ այն չի պարունակում այս նոր տիպի հարուցիչը: Նոր մրցույթ ենք հայտարարել, որպեսզի նոր տեսակի վակցինա ներկրենք Հայաստան և պատվաստենք կենդանիներին»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ մարդիկ վարակվեն, Հովհաննես Մկրտչյանը նկատեց.
«Չկա ռիսկ, հանգիստ օգտագործեք միսը: Հնարավոր է, որ մանկահասակ երեխաները վարակվեն հում կաթ խմելուց, որը սուր խրոնիկ բնույթ չի կրում, տեղային է, առաջանում է վերքի ձևով ու անցնում է»:
ՍԱՊԾ պաշտոնյան այս լուրերի տարածման մեջ մեղադրեց լրատվամիջոցներին՝ ասելով, որ դրանց պատճառով երկու-երեք երկիր երեկ հրաժարվել են ընդունել հայկական ապրանքները:
Անի Կարապետյան