Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը սպառնացել է Գերմանիային, որ, եթե վերջինս իրեն չհանձնի հետախուզման մեջ գտնվող դատախազ Զեքերիա Օզին, ապա ապագայում Թուրքիան Ռ.Էրդողանի ստորագրությամբ ոչ մի հանցագործի չի հանձնի Գերմանիային: Ի դեպ, Ռ.Էրդողանն իր մասին խոսել է երրորդ դեմքով: Թուրքիայի ինքնահավան նախագահը սպասում է Ինտերպոլի «կարմիր ծանուցմանը», որ անցնի կոնկրետ գործի։
Հիշեցնեմ, որ օգոստոսի 11-ին Արդվինի նահանգապետ Ք.Ջիրիթը Anadolu գործակալությանը հայտնել էր, որ հետախուզման մեջ գտնվող դատախազներ Զեքերիա Օզը և Ջալալ Կարան Վրաստանի տարածքով մեկնել են Հայաստան։ Սակայն այժմ էլ պարզվեց, որ դատախազներից մեկը գտնվում է Գերմանիայում։ Ռ.Էրդողանը մոռանում է, որ Գերմանիայի նման երկրները ՉԵՆ սիրում, երբ իրենց հետ խոսում են շանտաժի լեզվով։ Բացի այդ, հաշվի առնելով հետախուզման մեջ գտնվող դատախազների քննած գործերը, նրանց շատ հեշտությամբ կհաջողվի ապացուցել, որ Անկարան իրենց հետապնդում է ՔԱՂԱՔԱԿԱՆ պատճառներով։
Հ.Գ. Զեքերիա Օզը և Ջալալ Կարան այն դատախազներն են, որոնք 2013 թ. դեկտեմբերի 17-ին, կոռուպցիոն սկանդալի հետքերով թույլ տվեցին ձերբակալել Ռ.Էրդողանի մոտ շրջապատի անդամներին։ Կոռուպցիայի, մաքսանենգության և թմրամիջոցներ վաճառելու կասկածանքով ձերբակալվեցին Թուրքիայի ՆԳ նախկին նախարար Մ.Գյուլերի որդին՝ Բարիշ Գյուլերը, Էկոնոմիկայի նախկին նախարար Զ.Չագլայանի որդին՝ Սալիկ Չագլայանը, գործարարներ Մ.Դամիրը, Ա.Աղաօղլուն, Ռ.Զարաբը։ Զ.Օզը և Ջ.Կարան կասկածում էին, որ այս հանցավոր խմբավորման պարագլուխն է Ռ.Էրդողանի որդին։ Սակայն դատախազներին չհաջողվեց նրան ևս ձերբակալել, չնայած մամուլում հրապարակվեցին ՀՈՐ և ՈՐԴՈՒ սկանդալային հեռախոսազրույցների ձայնագրությունները։ Այդ կոռուպցիոն սկանդալը շատ ծանր հետևանքներ ունեցավ Ռ.Էրդողանի և նրա թիմի համար։ Անցյալ տարվա փետրվարին այս գործը կարճվեց և բոլոր ձերբակալվածները ազատ արձակվեցին։ Սակայն հիշաչար Ռ.Էրդողանը ՉՆԵՐԵՑ դատախազների «ինքնագործնեությունը»։ Շուտով նրանց մեղադրեցին Ռ.Էրդողանի նախկին հոգևոր «հոր» և գործող ԹՇՆԱՄԻ՝ Ֆ.Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ և ազատեցին գործից։ Թուրքիայի նախագահը փորձեց ձերբակալել վերջիններիս, սակայն նրանք շատ արագ հեռացան երկրից։ Իսկ հիմա էլ այս «գյուլենիստները» կարող են «վնաս» հասցնել Անկարայի և Բեռլինի հարաբերություններին։