«Թուրքիան և Ադրբեջանը հստակ բարձրաձայնում են ռազմական համագործակցության մասին: Զորավարժություններից հետո տեսանք, թե ինչպես էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը թղթերը ձեռքին արդյունքների մասին գնում և զեկուցում Թուրքիային: Թուրքական գործոնն ու զինված ուժերը ազդեցիկ են դառնում տարածաշրջանում, ինչը այլ պետություններին ստիպում է հաշվի նստել նրա հետ, համագործակցության եզրեր գտնել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական ուժերի կողմից Նախիջևանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր ռազմական գործողություններ սկսելուն, քաղաքագետը նկատեց.
«Կարծում եմ՝ ՀՀ սահմաններին ռազմական գործողությունների հավանականությունն այսօր շատ քիչ է, գրեթե անհնար, որովհետև դա կլինի ոչ թե Հայաստան-Ադրբեջան հակամարտություն, այլ գլոբալ նշանակություն կստանա: Ավելին՝ Նախիջևանում իրենց դիրքերը բավականին թույլ են և այնտեղից ռազմական հաջողություն ակնկալել չեն կարող: Մեր դիրքերից ամբողջ այդ տարածաշրջանը ափի մեջ է»: