«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» ծրագրի շրջանակներում արդեն կայացել է 4 համերգ: Աշխարհի տարբեր բեմերից՝ Երուսաղեմ, Տալլին, Բրյուսել, Նյու Յորք և այլն, ներկայացվել է հայկական ուժը, գենետիկ հզորությունը՝ ապացուցելով, որ ցեղը չի ջնջվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը՝ շարունակելով.
«Պետք էր գրավել աշխարհի հանրահայտ բեմերը: Մեկ սայթաքելն էլ կարող է դառնալ ճակատագրական, քանի որ դու ոչ թե քո, այլև ժողովրդի համար ես անում»:
Բանախոսը նշում է՝ հիմնականում հանդես են եկել այնպիսի երկրներում, որոնք Հայոց ցեղասպանությունը չեն ընդունել.
«Այս քայլերը տանում են դեպի Ցեղասպանության ճանաչման և համոզված եմ, որ թուրքերն իրենք են խնդրելու: Թուրքիան պետք է դադարի խաբել իր ժողովրդին ու հետևել Գերմանիայի օրինակին»,-ասաց Ստեփան Ռոստոմյանը:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ առաջիկա ամիսներին համերգներ են կայանալու Լոնդոնում, Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Վիեննայում:
Նշենք, որ նախագծին արդեն մասնակցել են Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, «Կամերատաս Զալցբուրգ» նվագախումբը, Զալցբուրգի երգչախումբը, Էստոնիայի պետական տղամարդկանց երգչախումբը, «Հորտուս Մուզիկուս» անսամբլը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դիրիժորներ և մենակատարներ՝ դիրիժոր և ջութակահար Պինկաս Ցուկերմանը, Անդրես Մուստոնենը, թավջութակահար Միշա Մայսկին, Մաքսիմ Վենգերովը, դիրիժորներ Դանիել Հարգինգը, Վալերի Գերգիևը, Ջոն Աքսելորդը, դաշնակահար Եվգենի Կիսինը և ուրիշներ: Չորս համերգների ընթացքում կատարվել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Նախագիծն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ: Իսկ Բելգիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարել է հայազգի մեծանուն դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը:
Անի Կարապետյան