Թուրքական «Գալաթասարայ» կանանց վոլեյբոլի թիմի մարզիչն ու երկրպագուները վիրավորել են ռուս վոլեյբոլիստուհիներին: «Sputniknews»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Եվրոպական կոնֆեդերացիայի գավաթի եզրափակիչ փուլի շրջանակներում Ստամբուլում կայացած Կրասնոդար Դինամո-Գալաթասարայ հանդիպման ժամանակ: Ռուսական ակումբի անդամ Տատյանա Կոշելևան, Instagram-ի իր էջում հայտնել է, որ «Գալաթասարայ»-ի երկրպագուներն իրենց վրա աղբ են նետել, իսկ թուրքական թիմի մարզիչը Կոշելևային և մյուս ռուս մարզուհիներին ուղղված հայհոյական ժեշտ է արել: «Ես ողջ կյանքում հարգել ու սիրել եմ բոլորին: Մաշկի գույնը, հավատքն ու ազգությունն ինձ համար կարևոր չեն: Համոզված եմ, որ բոլորը պետք է հարգալից լինեն միմյանց նկատմամբ: Սակայն այսօրվա խաղում տեսածս ցնցեց ինձ: Թուրք երկրպագուները չտեսնված վարք էին դրսևորում, նրանց խոսքերն ու ժեստերը ցույց էին տալիս իրենց ատելությունը մեր հանդեպ: Տրիբունաներից մեր գլխին աղբ էր թափվում: Իսկ ամենից շատ ինձ ցնցեց այն, որ «Գալաթասարայի» գլխավոր մարզիչը միջնամատը ցույց տվեց ինձ ու մեր թիմի անդամներին: Այսօրվա դեպքից հետո բոլորին պիտի հիշեցնեմ, որ սպորտը պետք է երջանկության, ոգևորության ու փոխադարձ աջակցության առիթ լինի»,-գրել է Կոշելևան: Եվրոպական կոնֆեդերացիայի գավաթի հանդիպումը կայացել է մարտի 29-ին Ստամբուլում և ավարտվել է «Գալաթասարայի» հաղթանակով` 3:2 հաշվով: Պատասխան խաղը կկայանա ապրիլի 2-ին՝ Կրասնոդարում:
Աղբյուր` Ermenihaber