Այսօր Գերմանիայի դաշնային խորհրդարանում Բունդեսթագում, քվեարկության դրված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը հաստատվեց ձայների ճնշող մեծամասնությամբ (միայն 1 դեմ և 1 ձեռնպահ): Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ բանաձևի հաստատումից առաջ ելույթ ունեցած Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը Թալեաթ և Էնվեր փաշաներին մարդասպան է անվանել:
Օրինագծի ընդունման համար պայքարի առաջատարներից մեկը հանդիսացող Օզդեմիրը նշել է, որ հաշվի առնելով հավանական հետևանքները՝ չպետք է թաքցնել պատմական իրողությունները: Նա հիշեցրել է, որ Թուրքիայում «հայ» բառն օգտագործվում է որպես վիրավորանք: Օրինագծի հաստատումից հետո «Կանաչների» համանախագահը շնորհակալություն է հայտնել երկրում գործող եկեղեցիներին, նախագահ Յոահիմ Գաուկին և դաշնային խորհրդարանի նախագահին՝ Հայոց ցեղասպանության խնդիրը խորհրդարանի օրակարգ բերելու հարցում գործադրված ջանքերի համար: Նշենք, որ այսօր՝ հունիսի 2-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությանը Կանցլեր Անգելա Մերկելը ներկա չի եղել:
Աղբյուր` Ermenihaber