Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության Գազիանթեփի (պատմ. Այնթափ) պատգամավոր Շամիլ Թայյարը սկանդալային գրառում է կատարել «Twitter»-ում: Ինչպես փոխանցում է թուրքական «milliyet» պարբերականը, Թայարը նշյալ գրառման մեջ առաջարկել է ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցել: «Մարդ ուզում է ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցել»,- գրել է նա: Նշվում է, որ ԱԶԿ-ի պատգամավորը նման գրառմամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ բասկտեբոլի եվրոլիգայի խաղարկության եզրափակիչում ռուսական «ԲԿՄԱ» (ЦСКА) ակումբը հաղթել է թուրքական «Ֆեներբահչե»-ին 101-96 հաշվով: Այդ գրառումը բողոքի ալիք է բարձրացրել սոցմեդիայում: Մի շարք օգտատերեր իրենց դժգոհությունն էին հայտնել Թայյարի խոսքերի կապակցությամբ: Ավելի ուշ թուրք պատգամավորն իր այդ գրառումը որակել էր որպես սրամտություն: Ըստ նրա՝ խաղի ժամանակ մրցավարը կողմնապահություն է արել՝ ի օգուտ ռուսական ակումբի: Հիշեցնենք, որ Թուրքիայի օդուժը 2015թ նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում խոցել էր ռուսական «СУ» 24 ռազմական ինքնաթիռը:
Աղբյուր` Ermenihaber