«Իրանն ունի 80 միլիոն բնակիչ, և, համաձայն Տուրիզմի վարչության հայտարարության, 60 միլիոնը տեղաշարժվել է.նրանք Նոր տարին` Նովրուզ Բայրամը, կամ նախընտրել են իրենց երկրի այս կամ այն վայրում նշել, կամ այցելել են այլ երկրներ: Այս տարվա հաշվարկներով Հայաստան այցելածների թիվը համաձայն հաշվարկների՝ կգերազանցի 10.000-ը: Եվ, եթե նրանցից յուրաքանչյուրը 1000 դոլար էլ ծախսի, կանի 10 միլիոն դոլար»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրային ռադիոյի պարսկերեն հաղորդումների ավագ խմբագիր Տիգրան Դավուդյանը՝ հավելելով.
«Մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք տուրիզմին: Իրանի քաղաքացիները մեր երկիրն հավանում են հատկապես անվտանգության առումով: Այստեղ ապահով է: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա, եթե ինքնաթիռով են գալիս, ոչ մի խնդիր չի առաջանում, դժվարություններ ծագում են, երբ մեքենայով են: Օրինակ՝ Սյունաց լեռներում տեղացած առատ ձյան պատճառով Գորիսում, Քաջարանում խնդիրներ են եղել»:
Իրանի քաղաքացի տիկին Մանսուրեն, ում ամուսինը Հայաստանում բիզնեսով է զբաղվում, և առաջին անգամ Հայաստան է եկել 1993 թվականին, ասաց, որ հայ ժողովրդին շատ է հարգում, քանի որ բարի են, անհրաժեշտության դեպքում միշտ օգնում են:
Իրանի մեկ այլ քաղաքացի՝ տիկին Օրքիդեն էլ նկատեց.
«Ձեր երկիրը, քանի որ նորանկախ է, տուրիզմի փորձառություն չունեք: Ցածր է նաև անգլերենի իմացության մակարդակը հատկապես սպասարկման ոլորտում: Վերջերս մոլերից մեկն էի այցելել, ընտրեցի կանացի պայուսակ, և կարծում էին, որ 4900 դրամ է, և երբ մեկնեցի 20.000 դրամ ու սպասում էի, որպեսզի մանրը վերադարձնեին, ասացին, որ քիչ եմ վճարել և պայուսակն արժե 49.000 դրամ: Լավ կլինի, որ ջերմ ու հյուրընկալ լինեն զբոսաշրջիկի հետ»:
Իրանցիները դժգոհեցին նաև սահմանում առաջացող խնդիրներից ու ճանապարհային ոստիկաններից.
«Շատ էինք լսել Հայաստանի գեղեցիկ բնության, ոլորանների մասին, որոշեցինք մեքենայով գալ: Առավոտյան ժամը 6-ին հասանք Մեղրիի սահմանակետ, ցավոք, հերթափոխության փոփոխության ժամանակն էր, ստիպված երկար սպասում ես, մինչև հերթապահը գա: 4 ժամ ստիպված սահմանին ենք անցկացրել:
Օրերս մեքենայի հետ խնդիրներ են առաջացել, ընտանիքը 6 ժամ մնացել է Գորիսի ճանապարհին ու ոչ ոք չի օգնել: Ճանապարհային ոստիկանությունն էլ չի եկել, իսկ Երևանում ամեն րոպե մեքենաները կանգնեցնում ու ստուգում են»,-ասացին նրանք:
Օրքիդեն նշեց, որ հաջորդ տարի Հայաստան չեն գա.
«Լավ է, բայց մեկ անգամ,-նշեց նա:
Անի Կարապետյան