
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին մեղադրեց հայկական կողմին Երևանում դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար և բավականին կտրուկ արտահայտվեց
«Արդեն 6 օր է՝ մենք ականատես ենք լինում, որ մի խումբ հավաքվում է Իրանի դեսպանատան առաջ, շատ անհարգալից, վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս։ Ի հեճուկս այն բանի, որ մենք շարունակաբար հնչեցնում ենք մեր բողոքը, այս գործընթացը շարունակվում է։ Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի և կառավարության կողքին, օրինակները շատ են։ Մենք այսօր ծանր իրավիճակի մեջ ենք, և այն իրադարձությունը, որ այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ»,- ասաց նա:
Ըստ նրա՝ Թեհրանում ձևավորվում է նմանօրինակ մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։
***
Թեհրանը մտահոգված է, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել TRIPP-ն իր անվտանգային քաղաքականության շրջանակներում. ՀՀ–ում Իրանի դեսպան
«Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ Մեր դիրքորոշումը հստակ է. մենք մեր հայ գործընկերներին հայտնել ենք, որ վստահում ենք ձեզ, սակայն մենք գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։ Մենք չենք վստահում ԱՄՆ-ին»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց Խալիլ Շիրղոլամին։
***
Իրանում այս օրերին տեղի ունեցան գազանություններ, որոնք գերազանցեցին «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների գործողությունները, ասաց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Գրանցվել է ոստիկանների գլխատման չորս դեպք, եղել են մի քանի դեպքեր, երբ ոստիկաններին ողջ-ողջ այրել են։ Կան տեսագրություններ, որտեղ լսվում են հստակ հրահանգներ, որ պետք է կրակել մարդկանց գլխին»,- ասաց նա։


