▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարօրինակ այցելություններ` ոստիկանությանն ու իշխանության այլ ներկայացուցիչներին քննադատելուց հետո

Հրավիրում եմ իրենց իրավապահ համարողների ուշադրությունը.

Այսօր, ապրիլի 21-ին առավոտյան երկու ոստիկան ներկայացած անձինք են այցելել Վիլեն Գայֆեջյանի բնակարան` Երեւանի Բաղրամյան փողոցում, քաղաքավարի հարցուփորձ են արել բնակարանի մասին, պատուհանների մասին` արդյո՞ք դրանք ճաղապատ են, ովքեր են ապրում տանը եւ այլն, ասել են թե այդ այցն արվել է Ցեղասպանության 100 ամյակի միջոցառումներին Երեւան այցելելիք պատվիրակությունների անվտանգության ապահովման նկատառումներով:

Նույն օրը` կեսօրին, երկու հոգի` քաղաքացիական հագնված, այցելել են նույն Վիլեն Գայֆեջյանի աշխատանքի վայր (Վիլենը բարմեն է աշխատում), չեն ներկայացել, աշխատակիցներին ցույց տալով նրա լուսանկարը, հարցրել են` արդյո՞ք նա այդտեղ է աշխատում: Հաստատում ստանալով, հեռացել են:

Այս երկու այցերը լուրջ մտահոգություն են առաջացրել Վիլենի եւ նրա հարազատների շրջանում, մարդիկ մտավախություն ունեն, որ Վիլեն Գայֆեջյանի տան եւ անձի նկատմամբ այդ նորահայտ հետաքրքրությունը կապված է նրա հեռուստատեսային սիրողական գործունեության հետ (նորահայտ SOS հեռուստահաղորդումներից վերջինն անդրադարձել ու քննադատել էր ոստիկանությանն ու իշխանության այլ ներկայացուցիչների):

Ես կիսում եմ այդ մտահոգությունը, եւ դիմում եմ իրենց իրավապահ համարողներին, որոնք ի պաշտոնե պարտավոր են զբաղվել հանցագործությունների կանխարգելմամբ. Վիլեն Գայֆեջյանն ու մերձավորները կարծում են, որ սա կարող է այդ հաղորդումներից դժգոհ ինչ-ինչ անձանց հաշվեհարդարի նախապատրաստություն լինել: Հարկավոր է պարզել, թե ովքեր են մասնավոր հետախուզական աշխատանքներ իրականացնում ՀՀ տարածքում եւ կանխարգելել որեւէ հարձակում կամ հաշվեհարդար այս երիտասարդի դեմ:

Հերթական հանցավոր անգործությունը ես եւ շատերը գնահատելու ենք որպես դիտավորություն, դրանից բխած հետեւանքներով:

Սա գովազդ չէ, ես այդ բաներով չեմ զբաղվում, խնդրում եմ կատակի չտալ:

Վիլեն Գայֆեջյանը, պատրաստ է իր ունեցած տեղեկություններով կիսվել իրենց իրավապահներ համարող մարդկանց հետ, եթե արդեն չի դիմել իրենց:

 

Լևոն Բարսեղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more