▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Արտավազդ Փելեշյանին և Նարեկ Հախնազարյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանին և թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարեկ Հախնազարյանին: 

Շնորհավորելով արվեստագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նրանց մասնագիտական գործունեությունը՝ առանձնակի կարևորելով նաև մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու առաքելությունը: 

«Արդեն մի քանի տարի է` Հանրապետության Նախագահի առաջարկով բարի ավանդույթ ենք դարձրել մեր ճանաչված ու վաստակաշատ արվեստագետներին նոր բնակարաններ նվիրելը: Սա յուրովի գնահատական է մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց տաղանդով և մասնագիտական հմտություններով ամբողջ աշխարհում բարձր են պահում մեր երկրի պատիվը: Ի սրտե շնորհավորելով մաղթում եմ, որ առողջ վայելեք ձեր նոր բնակարանները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ արվեստագետներին մաղթելով նաև ստեղծագործական նորանոր հաջողություններ։

Արտավազդ Փելեշյանն ու Նարեկ Հախնազարյանն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել իրենց վաստակը գնահատելու համար:
 Նշենք, որ Արտավազդ Փելեշյանին ու Նարեկ Հախնազարյանին Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանները տրամադրելու որոշումները Երևանի ավագանին կայացրել է մարտի 18-ին գումարած նիստում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more