▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թարմ տեղեկատվություն Մատաղիս և Թալիշ համայնքներից. իրավիճակը հանգիստ է

«Արցախպրես»-ը գրում է. Հայկական մի շարք լրատվական կայքերի տարածած այն տեղեկատվությունը, թե իբրև հակառակորդն այսօր կրկին խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, և այս պահին առավել լարված է Մատաղիսի և Թալիշի սահմանին, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին կայքի հետ հեռախոսազրույցում րոպեներ առաջ տեղեկացրել է Մարտակերտի թիվ 7 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սերգեյ Հարությունյանը:

«Իրավիճակն, ընդհանուր առմամբ, Թալիշում և Մատաղիսում հանգիստ է: Առաջնագծում այդ ուղղություններով հակառակորդի կողմից հատուկենտ կրակոցներ կային, բայց այս պահին սահմանին  դրությունը լարված չէ»,- ասել է ԱԺ պատգամավորը և հավելել, որ ինքը մեկ ժամ առաջ է վերադարձել նշված բնակավայրերից, իսկ ավելի ստույգ՝ րոպեներ առաջ կրկին զանգել է և տեղերից ճշտել առկա իրավիճակը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին ժամը 15:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային  (Թալիշ) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Հայկ Վազգենի Մինասյանը:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը` ժամը 15:55-20:00 ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ), արևելյան (Ասկերան) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի ականանետերից ինտենսիվորեն արկակոծել է պաշտպանության բանակի մարտական հենակետերը: Կիրառվել են 60 (14 արկ) և 82 (99 արկ) միլիմետրանոց ականանետեր: 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու և առաջնագծում տիրող իրադրությունը կայունացնելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more