Life.panorama.am-ը գրում է. Մայրության ու գեղեցկության տոնը հատուկ խորհուրդ ունի մայրերի համար: Հենց այս հանգամանքից ելնելով էլ կայքը խոսել է նորաթուխ մայրիկ Արեւիկ Ալավերդյանի հետ:
Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ իր համար այս տոնն առաջ իր մայրիկի հետ էր ասոցացվում, իսկ հիմա, երբ ինքն էլ է մայրիկ, այս օրը կրկնակի տոնի է վերածվել:
«Չնայած արդեն մայր եմ, բայց շարունակում եմ ինքս էլ մայրիկիս կարիքը զգալ: Այսօրը առաջին հերթին մայրիկիս օրն եմ համարում ու ինչպես ամեն տարի՝ այս տարի էլ առաջինն իրեն ու աշխարհի բոլոր մայրերին եմ ուզում շնորհավորել: Նրանք մեր ամեն մի օրն են տոն դարձնում իրենց գոյությամբ: Ճիշտ է՝ ապրիլի 7-ը համարվում է մայրության օրը, սակայն, ըստ իս, միայն այսօր չպետք է հիշենք մայրերին, փոխարենը՝ նրանց ամեն օրը մենք պետք է տոն դարձնենք ու մեծ ուշադրություն ցուցաբերենք: Հույս ունեմ, որ ես միշտ տղայիս ուշադրության կենտրոնում կլինեմ»,- նշեց Արեւիկն ու խոսեց մայրիկի կարգավիճակում այս օրն անցկացնելու յուրահատկությունից.
«Այսօր չորս ամիսն է լրանում, ինչ վայելում եմ մայրության բերկրանքը, ինչի համար շնորհակալ եմ Տիրոջը: Ինձ պարզպես հրաշալի եմ զգում այս կարգավիճակում, հիմա արդեն անհամբեր սպասում եմ, թե, ե՞րբ եմ տղայիս շութերից լսելու «մամա» բառը»:
Մոր եւ զավակի աստվածային կապվածության մասին խոսելիս՝ Արեւիկը նկատեց.
«Տղայիս կապվածությունն ինձ՝ արդեն շատ զգալի է: Երկար ժամանակ է, ինչ նա սկսել է ճանաչել ինձ ու տարբերել մյուսներից: Նա հիմա ամեն վայրկյան հայացքն ինձնից չի շեղում: Շատերն անգամ, կողքից տեսնելով, զարմանում են, թե Դավիթն ինչպես է հայացքով անդադար հետեւում ինձ: Մեկ-մեկ որեւէ գործով տարվելիս ու նրա վրայից ուշադրությունս շեղելիս՝ հանկարծ նկատում եմ, թե ինչպես է ուշադիր ինձ նայում ու շատ լուրջ հայացիքց հետո, ժպտում. այդ պահին խելագարվում եմ ու աշխարհն իմն է դառնում: Ես իմ օրվա մեծ մասը որդուս եմ նվիրում, ու թեեւ երբեմն սարսափելի հոգնում եմ, որովհետեւ օրվա մեծ մասը միայնակ եմ նրա հետ անցկացնում ամուսնուս աշխատանքի պատճառով, բայց, միեւնույն է, նրա հետ կապված ամեն բանն ինձ հաճույք է պատճառում: Ամեն ինչ անում եմ, որպեսզի փոքրիկս սեր ու ջերմություն զգա եւ հետաքրքիր մանկություն ուեննա: Ուզում եմ վայելել նրա հետ ամեն րոպեն, որովհետեւ ժամանակն արագ է անցնում եւ նա էլ չափազանց շուտ է մեծանում»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում