armtimes.com-ը գրում է. Անցած տարի օգոստոսի 21-ին «Ոտքի, Հայաստան» շարժման ակցիայի ժամանակ 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավուն ապտակած ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանի լիազորությունները վերականգնվել են:
Մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ այդ օրը Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանը ապտակել էր տարեց տղամարդուն՝ կոտրելով ականջում տեղադրված լսողության սարքը:
Միջադեպից հետո Հակոբ Դեխնավին հայտարարեց, որ ոստիկանի ապտակից կորցրել է լսողությունը: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվեցին:
Մի քանի օր առաջ, սակայն, ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, քրեական գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում