▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարածքների վերադարձ և Ղարաբաղի կարգավիճակ. սա է բանակցվում

a1plus.am-ը գրում է. Տարածքների վերադարձ և Ղարաբաղի կարգավիճակի որոշում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ներկա պահին հիմնականում այս սկզբունքների շուրջ է ընթանում Հայաստան-Ադրբեջան բանակցությունները։

Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուս համանախագահ Իգոր Պոպովը։

Ըստ նրա՝ այս սկզբունքները զետեղված են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկներում։ «Քննարկվում է  հիմնականում երեք սկզբունք՝ զենքի չկիրառում, Ղարաբաղի կարգավիճակի որոշում և տարածքների վերադարձ»,- նշեց ռուս համանախագահը։

Իգոր Պոպովի պնդմամբ՝ բանակցությունների սեղանին դրված է ևս մի քանի կարևոր էլեմենտ, որոնք որոշել են կողմերը. «Դրանք են՝ փախստականների վերադարձ, Հայաստան-Արցախ միջանցքի կարգավիճակի հստակեցում, խաղաղապահների տեղակայում։ Այս հարցերի հստակեցումից հետո կստորագրվի խաղաղության փաստաթուղթը»։

Իսկ ինչպիսի՞ն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կատարած վայրագությունների նկատմամբ։

Հարցին պատասխանեց ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուրլիքը. «Մենք խիստ մտահոգ ենք մարդու իրավունքների խախտումների դեպքերով։ Տեսել ենք այդ նկարները, տեսանյութերը, ու Կարմիր խաչին խնդրել ենք՝ ճշգրտել, թե ինչ է տեղի ունեցել։ Այդպիսի հաղորդումները մեր ուշադրության կենտրոնում են»։

Համանախագահ Իգոր Պոպովը նշում է՝ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, հատկապես, որ նախկինում մասնակից եղել է բանակցությունների։

Ըստ նրա՝ եթե խաղաղության պայմանագրից առաջ կնքվի շրջանակային համաձայնագիր, դա կարող է արագացնել կարգավորման գործընթացը։

Իսկ արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը գիտի, թե ապրիլյան պատերազմում ով է առաջինը սկսել կրակը։ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի պնդմամբ՝ այս հարցն իրենց մանդատի մեջ չի մտնում. «Մենք չենք զբաղվում այդ հարցով։ Ինչ մնում է հետաքննությունների մեխանիզմի ներդրման հարցին՝ այն մեր աշխատանքի մասն է լինելու»,- ասաց նա։

Համանախագահները խոսեցին նաև բանակցությունների այս ֆորմատին Թուրքիայի մասնակցության հարցի վերաբերյալ։ Ջեյմս Ուորլիքը նշեց. «Որևէ փոփոխություն այս հարցում չենք նախատեսում։ Երբ մենք Վիեննայում էինք, հայտարարություն արեցինք ուղղված կողմերին՝ հրադադարի ռեժիմը պահպանելու մասին։ Թուրքիան միացավ այդ հայտարարությանը և իր ստորագրությունը դրեց այդ փաստաթղթի տակ»։

Այս պահին Մինսկի խմբի առջև դրված կարևորագույն խնդիրներից է ապրիլյան պատերազմում զոհվածների մարմինների հարցը։

«Անհրաժեշտ է կարճ ժամկետներում լուծել զոհվածների մարմինների վերադարձի հարցը: Դրանով այժմ զբաղվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, այդ աշխատանքները համակարգում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակը»,- նշեց Իգոր Պոպովը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more