Մայիսի 11-ին` ժամը 10:00-ին, «Դիլիջան» առողջարանային համալիրում (Դիլիջան, Գետափնյա փող., 66 շենք) տեղի կունենա Կովկասի տարածաշրջանային գիտաժողով «Ներառական կրթություն. Կրթություն բոլորի համար» խորագրով:
Միջոցառումն իրականացվում է «Ներառական համայնք» ծրագրի շրջանակներում: Այն ֆինանսավորվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության (ADA) և Բուդապեշտի Բաց հասարակության հիմնադրամի (OSI) «Կրթության աջակցություն» ծրագրի (ESP) կողմից: Ծրագրի միջազգային գործընկերն է ավստրիական «Միջմշակութային կենտրոն» ՀԿ-ն (IZ): Հայաստանում ծրագիրն իրականացնում են` «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Դիլիջանի, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի մասնաճյուղերը և «Օրրան» բարեգործական ՀԿ-ի Վանաձորի կենտրոնը:
Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Կովկասյան տարածաշրջանում ներառական կրթության ոլորտում առկա լավագույն փորձը, քննարկել գործընկերների միջև համագործակցության հնարավորությունները` տարածաշրջանի խոցելի խմբերի երեխաներին կրթության մեջ ներառելու համար, ինչպես նաև, վեր հանել կրթական ոլորտում առկա խնդիրները:
Միջոցառման մասնակիցների շարքում են ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱՍՀՆ Ընտանիքի, կանանց և երեխաների վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը, ՀՀ Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, UWC Դիլիջանի միջազգային քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը, (ADA) Հայաստանում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի ներկայացուցիչ Նորա Ալանակյանը, ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից և այլ պաշտոնակատար անձինք: