Panorama.am-ը գրում է.
Ապրիլյան քառօրյա պատերազմում ծանր վիրավորված Ավետիս Զարգարյանին կտեղափոխեն Հնդկաստան՝ հետագա բուժումն այնտեղ իրականացնելու նպատակով: Այդ մասին կայքի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսի հայրը՝ Հայկազ Զարգարյանը:
Ըստ նրա՝ տեղափոխման օրը դեռ հայտնի չէ, այս պահին թղթաբանական հարցերն են լուծում:
«Այդ հարցերը կարգավորելուց հետո, տղայիս կտեղափոխեն Հնդկաստան: Ավետիսի հետ կմեկնեն կինս և ուղեկցող բժիշկը»,- նշեց զինծառայողի հայրը՝ հավելելով, որ որդու վերականգնողական բուժումը կկազմակերպվի Հնդկաստանի «Արտեմիս» հոսպիտալում:
Հայկազ Զարգարյանը հայտնեց, որ իրենք նամակով դիմել են ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով լուծել որդուն արտասահման տեղափոխելու հարցը: Հայտնել են, որ մինչև իրենց դիմելը նախարարությունը Ավետիսի վերականգնողական բուժումն արտերկրում կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել: Բացի այդ, աշխատանքներ են իրականացվել նաև «Հայկական վիրավոր հերոսների հիմնադրամ» կազմակերպության կողմից: Այսպիսով, ըստ նրա, Ավետիս Զարգարյանի վերականգնողական բուժումը արտերկրում կշարունակվի ՀՀ պաշտպանության և «Հայկական վիրավոր հերոսների հիմնադրամ» կազմակերպության աջակցությամբ:
Ինչ վերաբերում է Ավետիսի առողջական վիճակին, ապա Հայկազ Զարգարյանի փոխանցմամբ, որդու առողջական վիճակում որոշակի առաջընթաց կա. «Ոտքերը սկսել է շարժել, այսինքն՝ մկանները սկսել են աշխատել, ինչը հուսադրող է: Տղայիս տրամադրությունն էլ կամաց-կամաց լավանում է»:
Նշենք, որ 19-ամյա Ավետիսն ավելի քան չորս ամիս պառկած է Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալում, 10-15 օր առաջ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Զինծառայողը վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշի մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը: Բժիշկները թեև հույս չունեին, որ Ավետիսը կապրի, բայց ամեն ինչ անում էին նրան փրկելու համար: Ավելի քան մեկ ամիս միացված էր արհեստական շնչառության ապարատին, այդ ընթացքում Ավետիսին երեք անգամ վիրահատել են, այդ թվում՝ բազմաբեկորային վիրավորում ստացած ծնոտը, հեռացրել են ողնաշարի գնդակը, վերականգնել բեկորից վնասված ձեռքի ոսկորը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում