▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյուրպրիզ. Գյումրին Հռոմի պապին կզարմացնի 1 մլն-ոց հրավառությամբ եւ բարեկարգ ճանապարհներով

 

armtimes.com-ը գրում է. Ինչպես հայտնի է՝ Հռոմի Ֆրանցիոսկոս Պապը հունիսի 24-26-ը Հայաստան է այցելելու, այցի շրջանակներում այցելելու է նաեւ Գյումրի: Գյումրիի քաղաքապետարանը Պապի Գյումրի այցի կապակցությամբ առնվազն 6 միլիոն դրամ է ծախսելու, որից մեկ միլիոնը հրավառության համար: Այդ մասին տեղեկանում ենք Գյումրիի ավագանու վաղվա նիստի օրակարգից, որում Պապի այցով պայմանավորված երկու որոշման նախագիծ կա:

Նախագծերից մեկով նախատեսվում է Գյումրիի 2016 թվականի բյուջեից «Այլ ծախսեր» հոդվածով Հռոմի պապի Գյումրի այցի նպատակով 2 միլիոն դրամ հատկացնել: Որոշման ընդունումը հիմնավորվում է Հռոմի Պապի Գյումրի համայնք այցելելու նպատակով համաքաղաքային միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ իրականացնելու անհրաժեշտությամբ: Ընդ որում, ինչպես տեղեկանում ենք նույն նախագծից՝ 2 միլիոնի ուղիղ կեսը նախատեսվում է հրավառության համար, մյուս կեսը՝ կազմակերպչական աշխատանքներ կատարելու:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից հետաքրքրվեցինք, թե ինչ ասել է կազմակերպչական աշխատանք եւ ի՞նչ հրավառություն է նախատեսվում 1 միլիոնով: Հրավառության վերաբերյալ մանրամասներ չցանկացան հայտնել, իսկ խոսելով կազմակերպչական աշխատանքների մասին՝ նշեցին, որ այդ գումարով պաստառներ ու դրոշներ են պատրաստվելու:

Գյումրիի ավագանու հաջորդ որոշման նախագիծը վերաբերում է Պապի այցի առիթով Գյումրիի ճանապարհների բարեկարգմանը: Այդ նպատակով նախատեսվում է տրամադրել 4 միլիոն դրամ եւ դա հիմնավորվում է այսպես. «2016 թվականի հունիսի 25-ին Գյումրի Է ժամանելու Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: Անհրաժեշտ է արագ կարգով գծանշել համայնքի փողոցները եւ նախատեսվող երթուղու երկարությամբ տեղադրել ճանապարհային երթեւեկությունը կարգավորող նշանները: Օրենքով սահմանված կարգով գնումների մրցույթ հայտարարելու դեպքում հնարավոր չէ մինչեւ Հռոմի Պապի ժամանելն իրականացնել պահանջվող աշխատանքները, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել գնումները կատարել բանակցային ընթացակարգի կիրառմամբ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու ձեւով»:

Ընդգծենք, որ Հռոմի պապի Հայաստան այցի մասին առաջին պաշտոնական տեղեկությունը հրապարակվել է դեռ ապրիլի 9-ին՝ ՀՀ նախագայի աշխատակազմի կողմից: Մինչ այդ, սակայն շարունակ խոսվում էր, որ Պապն այս տարի Հայաստան է այցելելու:

Անդրադառնալով Պապի Գյումրի այցի օրակարգին՝ նշենք, որ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդարանը վերջերս տեղեկություն էր տարածել, որ Քահանայապետի՝ Գյումրի այցելելու վճռական ցանկության գլխավոր պատճառը հայ կաթողիկե համայնքի մեծաթիվ ներկայությունն է Հայաստանի հյուսիսային շրջաններում, որոնց կենտրոնը Գյումրին է: Այստեղ է գտնվում նաեւ նորակառույց Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցին, որ մայր տաճարն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց:

Ըստ նույն աղբյուրի՝ հունիսի 25-ի առավոտյան ժամը 11:00-ից առաջ Հռոմի պապն իր պապական մեքենայով՝ պապամոբիլով, Սրբոց Նահատակաց Եկեղեցու մոտից կուղևորվի դեպի Վարդանանց հրապարակ, որտեղ իր մեքենայով շրջելով կողջունի եւ կօրհնի հավաքված հազարավոր բազմությանը:

Վարդանանց հրապարակում՝ ուղիղ ժամը 11:00-ին, հատուկ պատրաստված բեմի վրա, Սրբազան Պապը կմատուցի Սուրբ և Անմահ Պատարագ՝ համապատարագությամբ հայ կաթողիկե հոգևորականների: Պատարագը կմատուցվի լատինական ծեսով, բայց՝ հայկական շարականներով, որոնք կկատարեն Հայ Կաթողիկե եկեղեցու երգչախմբերը:

Նորին Սրբությունը կայցելի նաեւ Գյումրիի Յոթվերք հայ առաքելական եկեղեցի, կաղոթի Տիրամոր պատկերի առաջ: Նորին Սրբության Գյումրի այցելության վերջին հանգրվանը կլինի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ եկեղեցին, որտեղ ժողովրդապետի եւ հայ կաթողիկե կղերի հետ միասին աղոթք կբարձրացնի առ Աստված, ապա հրաժեշտ կտա Գյումրիին:

ՀՀ նախագահի աշխատակազմն այսօր հրապարակել է Պապի այցի առիթով Հայաստանում նախատեսված միջոցառումների ամբողջական օրակարգը: Ըստ այդմ՝ հունիսի 24-ին Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան սահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:

Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպում կունենա Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:

Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետեւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ եւ Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաեւ կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի եւ Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն եւ Խաղաղության Աղոթք:

Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Սուրբ Պատարագի արարողությանը եւ էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս պապը հանդիպում կունենա Հայ եկեղեցու պատվիրակների եւ բարերարների հետ:

Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաեւ աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: Նույն օրը Ֆրանցիսկոս պապը Երեւանից կմեկնի Հռոմ:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more