▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում զինված, արծվաքիթ ու կամային զինվորի քանդակ են գտել

Զարմանալի հայտնագործություն է կատարվել Սյունիքի մարզի Եղվարդ համայնքում.գտել են մարտական կացիններ, դաշույններ, պատյաններ, զինվորների արձանիկներ, վզնոցներ, թասեր, զանգակներ, որոնք բնորոշ են եղել մարտակառքերին ու մինչև հիմա զնգում են: 

«Դա մի տեղանք էր, որտեղ որևէ հուշարձանի հետք չկար: Առ այսօր ողջ ուրարտական կայսրության տարածքում մենք դեռևս չունեինք այսպիսի բազմազան մետաղե հավաքածու, որը հայտնաբերվել է գանձագողի փնտրտուքի հետևանքով: Բոլոր գտածոները բրոնզից են, բացառությամբ 1-2-ի,  միասին կազմում են 200 օրինակ: Չի բացառվում, որ հայտնաբերված թասերը մաքրելուց հետո նրանց վրա սեպագիր արձանագրություններ լինեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը՝ հավելելով.

«Եթե չլիներ գանձագողը, մենք այս արժեքները կարող է 100-ամյակներ չգտնեինք: Սրանք բոլորը պատկանում են Վանի թագավորության ժամանակշրջանին, Ք.Ա 8-6-րդ դարեր: Օրինակ գտել ենք դաշույնով զինված ու փոքր վահանով, արծվաքիթ, կամային դեմքով զինվորի քանդակ, իսկ նման տիպ մեզ դեռևս հայտնի չէր»:

Հակոբ Սիմոնյանը նշեց, որ գանձագողին օգնել է մետաղորսիչը, իսկ նրան գտել են, քանի որ փորձել է գտածոն վաճառել.

«Գանձագողը մեզ տարավ և 3 դամբարանադաշտ ցույց տվեց, որոնք ցուցակագրված չեն: Ուսումնասիրեցինք ու որոշեցինք պեղել: Գանձագողը լավ հոտառություն ունի և եթե մեր արշավախումբն այնտեղ աշխատի, մեր հսկողության ներքո կցանկանայի, որ նա էլ աշխատեր, պատժելը իրավապահների գործն է»,-նկատեց հնագետը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more