▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սխալներ, որոնք թույլ են տալիս կանայք` առաջին ժամադրության ժամանակ

Life.panorama.am-ը գրում է. 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առաջին ժամանադրության ժամանակ կանանց ամենատարածված սխալները, որոնցից արժե խուսափել, եթե չեք ցանկանում փչացնել երեկոն:

1. Պատվիրել անպատեհ կերակուր

Այս կետը կարելի է անտեսել այն դեպքում, եթե դուք բավականին ինքնավստահ եք: Իսկ նրանց, ովքեր անպայման ցանկանում են անթերի տպավորություն թողնել, խորհուրդ է տրվում ընտրել առավելագույնս էսթետիկ և պարզ տարբերակներ: Օրինակ՝ արժե հրաժարվել պաստայից, քանի որ այն գեղեցիկ ուտելը հատկապես մեծ վարպետություն է պահանջում, ինչպես նաև ցանկացած ուտեստից, որն ուտում են ձեռքերով: Առաջին ժամադրության ժամանակ չարժե նաև սխտոր պարունակող ուտեստ պատվիրել:

2. Տարվել ալկոհոլով

Հավանաբար ցուցակի ամենավտանգավոր կետն է: Որքան էլ որ ամոթխածություն զգաք, ալկոհոլը դրանից ազատվելու լավագույն եղանակը չէ: Չարաշահելով ալկոհոլի չափաբաժինը՝ հաջորդ առավոտյան, լավագույն դեպքում, կարթնանաք գլխացավով, վատագույն դեպքում՝ ամոթի զգացումով և նախօրեի հանդիպումը հիշողությունից ընդմիշտ ջնջելու ցանկությամբ: Այնպես որ, սահմանափակվե՛ք մեկ գավաթ լավ գինով:

3. Պատմել նախկին ընկերների մասին

Այս կետը ցուցակի ամենատարածված սխալն է: Հնարավոր է ձեր ուղեկցին երբևէ պատմեք և՛ ձեր առաջին սիրո մասին, և՛ այն մասին, թե ինչպես է նա կոտրել ձեր սիրտը, և՛ այն մասին, թե ինչպես էիք գրեթե պատրաստ ամուսնանալ կուրորտային սիրավեպից հետո: Երբևէ, բայց ոչ հիմա: Առաջին հանդիպման ժամանակ չարժե նաև ուղեկցին հարցնել իր նախկին ընկերուհիների մասին: Ավելի լավ է այս երեկո կենտրոնանալ միմյանց վրա:

4. Հարցնել ապագայի ծրագրերի մասին


Երեխաների ցանկալի քանակության, ամուսնության ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքի, առաջիկա հինգ տարիների ծրագրերի մասին հարցուփորձը այն թեմաներից են, որոնք առաջին հանդիպման ժամանակ տղամարդկանց միանգամից խուճապի մեջ են գցում: Այնպես որ, եթե ուղեկիցը ձեր ճաշակով չէ, նրանից ազատվելու լավագույն միջոցը մտադրությունների լրջության մասին հարցնելը և բարեկամների հետ ծանոթացնելու առաջարկն են:

5. Ընտրել չափազանց բաց կամ անհարմար հագուստ

Ժամադրության համար հագուստ ընտրելիս հիշե՛ք, որ այն պետք է լինի հարմար, նրբագեղ, իսկ ձեր կերպարը պետք է ակնարկի սեքսուալության մասին, բայց ոչ երբեք ճչա այդ մասին: Առաջին հանդիպման ժամանակ հագուստի ընտրության հարցում ամենատարածված սխալներից են չափից դուրս բաց դեկոլտեն, թափանցիկ կտորները, չափազանց նեղ զգեստը: Այս ամենից, ինչպես նաև գռեհիկ դիմահարդարումից և չափազանց «կպչուն» օծանելիքից արժե հրաժարվել:

6. Առաջարկել հաշիվը կիսովի վճարել


Ցուցակում այս կետի առկայությունը կարող է վրդովել անկախ և իրենց ֆինանսական ինքնուրույնությունը գնահատող կանանց, սակայն վիճակագրության հետ չարժե վիճել. տղամարդկանց ճնշող մեծամասնությունը՝ 80 %-ը, հարցումների ժամանակ հայտնել են, որ եթե առաջին հանդիպման ժամանակ կինն առաջարկում է վճարել սեփական ընթրիքի համար, հասկանալ է տալիս, որ երկրորդ հանդիպում չի լինելու: Այնպես որ, եթե ուղեկիցը ձեր սրտով է, գոնե այս անգամ թույլ տվե՛ք, որ նա վճարի հաշիվը, իսկ սեփական անկախությունը դրսևորելու հնարավորություն դեռ կունենաք:

7. Չափից դուրս շատ ժամանակ հատկացնել հեռախոսին

Նույնիսկ եթե սովոր եք հեռախոսը ձեռքից վայր չդնել՝ Instagram-ի ձեր հետևորդներին ուրախացնելով նոր ինքնալուսանկարներով և ուտելիքի լուսանկարներով, փորձե՛ք գոնե ժամադրության ժամանակ սիրելի հեռախոսը պահել պայուսակում և ձեր ողջ ուշադրությունը հատկացնել ուղեկցին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more