Շվեդիայի արտգործնախարար Մարգրետ Վոլստրոմը հայտարարել է, որ Շվեդիայում Հայոց ցեղասպանության թեմայով ուսումնասիրություններ կատարելու նպատակով կստեղծվի հատուկ անկախ հանձնաժողով: Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքների հիման վրա էլ Շվեդիան համապատասխան քայլեր կձեռնարկի: Շվեդական պաշտոնական լրատվական գործակալություն համարվող «TT»–ին հղում կատարող թուրքական «haberler.com» լրատվակամ կայքը տեղեկացնում է, որ Շվեդիայի արտգործնախարարը ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկման ժամանակ: Նշվում է, որ ելույթի ժամանակ Վոլստրոմը օգտագործել է «ողբերգություն» բառը՝ հատկապես խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից:«Ըստ տեղեկության՝ Վոլստրոմը հայտարարել է, որ ստեղծվելու է պատմաբաններից,մասնագետներից և քաղաքագետներից բաղկացած անկախ հանձնաժողով, որը ուսումնասիրելու է 1915 թ դեպքերը և արդյունքները գնահատելու է միջազգային իրավունքի տեսակետից:
Վոլստրոմը նշել է, որ իրենք կարևորում են այս հարցը և հնարավորինս կարճ ժամանակում կավարտեն ուսումնասիրությունները»,- հայտնում է թուրքական կայքը:Շվեդիայի ԱԳՆ խոսնակ Էրիկ Բոմանը հայտնել է, որ Շվեդիայի կառավարությունը մի կողմ է դրել 2010 թ Հայոց ցեղասպանության և Սիրիացիների վերաբերյալ խորհրդարանի ընդունած որոշումը և առաջնորդվելու է իր սեփական անկախ հանձնաժողովի ուսումնասիրման արդյունքներով:
Նշենք, որ 2010 թվականի մարտի 11-ին, Շվեդիայի խորհրդարանը ընդունել է որոշում, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն: