▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստրասբուրգում բացահայտվում են Բաքվի և Haqqin.az-ի խմբագրի ֆինանսական հանցագործությունները

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի քրեական գործերով դատարանում մայիսի 17-ին շարունակվեց «Ալընջան և մյուսները» գործի դատաքաննությունը, որը կապված է Ստրասբուրգում գրանցված «Եվրոպական տեղեկատվական և մարդու իրավունքների կենտրոն» կազմակերպության հետ։ 

Այս գործի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ կազմակերպությունը Ստրասբուրգում հիմնադրել է ադրբեջանցի լրագրող, haqqin.az առցանց պարբերականի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը, ով անմիջականորեն ղեկավարվում է Ադրբեջանի նախագահական ապարատի կողմից:

Գործով որպես մեղադրյալներ ընդգրկված են կազմակերպության փոխնախագահ Մուստաֆա Ալընջան և նրա կինը՝ Լեյլա Ալընջան, ովքեր գործել են անմիջապես Ֆաթուլաևի կարգադրություններով, ինչպես նաև կազմակերպության նախագահ Թոմաս Պիլցը, ով Գերմանիայում haqqin.az-ի թղթակիցն է, ինչպես նաև հանդիսանում է անարխիստական «Occupy Frankfurt» (Գրավիր Ֆրանկֆուրտը) շարժման անդամ։ 

Ինչպես հայտնում է Ստրասբուրգում կայքի թղթակիցը, դատական քննությանը ներկայացել էին միայն Մուստաֆա և Լեյլա Ալընջաները՝իրենց փաստաբանների հետ, և Թոմաս Պիլցի փաստաբանը։

2013թ․-ին հիմնադրված կազմակերպությունը, ինչպես ասաց դատավորը, իր ողջ գործուներության ընթացքում խուսափել է հարկային պարտավորություններից:

Կազմակերպության համար նախատեսված գումարները՝ ներառյալ աշխատավարձերը, Ադրբեջանից Էյնուլլա Ֆաթուլաևը փոխանցել է ոչ թե կազմակերպության հաշվեհամարին, այլ Western Union համակարգով Մուստաֆա և Լեյլա Ալընջաներին՝ այդպիսով խուսափելով հարկերից։

Դատավորի հարցին, թե ով է Ֆաթուլաևը և ինչու է բացել այս կազմակերպությունը, Լեյլա Ալընջայի փաստաբանը պատասխանեց, որ նա շատ ակտիվ լրագրող է և համանման կազմակերպություններ է բացել նաև Ադրբեջանում, Թուրքիայում, Եվրոպայում։ 

Դատավորի հարցին, իսկ որտեղից Ֆաթուլաևին այդ գումարները, որոնք փոխանցվում են Western Union համակարգով, Մուստաֆա Ալընջան պատասխանեց, թե իրենք տարիներ շարունակ հարցնում եմ գումարների ծագման մասին,սակայն պատասխան չեն ստացել։ 
Ստրասբուրգի դատարանը շարունակում է քննել Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ ստեղծված կազմակերպության գործը

Դատավորը նշեց, որ չկա որևէ տեղեկատվություն, թե այս ողջ ընթացքում ինչով է զբաղվել Ադրբեջանից ֆինանսավորվող այս կազմակերպությունը և այն ֆիկտիվ բնույթ է կրել։ Մուստաֆա Ալընջան, ով թարգմանիչ է, մեղադրվում է նաև կազմակերպության գրասենյակում առանց դեկլարացիաների թարգմանություններ անելու մեջ։ 

Գործով մեղադրող դատախազը ևս բարձրացրեց վերոնշյալ հարցերը՝ նշելով, թե պարզ չէ ինչու են ադրբեջանցիները ֆինանսավորում այս կազմակերպությունը, որի համար ուղղակի ընտրել են այնպիսի անուն,որը հարազատ է Եվրոպային՝ «Եվրոպական տեղեկատվական և մարդու իրավունքների կենտրոն», սակայն այն որևէ կապ չունի անվան հետ, որտեղի՞ց են գալիս այդ անհայտ ծագման գումարները, որոնք փոխանցվում են Ալընջաներին։ Միակ հայտնի փաստն այն է, որ գումարները փոխանցվել են Ադրբեջանից և մեկ անձի՝ Էյնուլա Ֆաթուլաևի կողմից։ 

Դատախազը փաստեց, որ 2014-2015թթ․-ներին Ալընջաները տասնյակ այցեր են կատարել Ադրբեջան և Թուրքիա՝ այնտեղից բերելով առձեռն գումարներ։ Կազմակերպության և Ալընջաների կողմից իրականացված բոլոր գործողությունները, ներառյալ ավիատոմսերի գնումները, կատարվել են առձեռն գումարներով, որոնք, դատախազի խոսքերով, ծառայել են ոչ թե կազմակերպությանը, այլ Ալընջաներին և այլ նպատակների։

Դատախազը Լեյլա Ալընջայի համար պահանջեց 5000 եվրո տուգանք և 10 ամիս պայմանական ազատազրկում։ 

Խարդախության, հարկերից խուսափելու, առանց դեկլարացիաների աշխատանք կատարելու համար դատախազը Մուսթաֆա Ալընջայի համար պահանջեց 2 տարի պայմանական ազատազրկում և 15 000 եվրո տուգանք, ինչպես նաև թարգմանական, առևտրային և արդյունաբերական գործուներության արգելում և ֆրանսիայի տարածքից դուրս գալու 5 տարվա արգելք։

Այս գործով վճիռը կհրապարակվի հունիսի 21-ին։

Նշենք,որ ըստ դատական հայցի, Էյնուլլա Ֆաթուլաևը և կազմակերպության մյուս անդամներն ուղղակիորեն օգտագործել են Եվրոպայի մայրաքաղաք Ստրասբուրգում գրանցված կազմակերպությունը, որը ըստ կանոնադրության պետք է ուսումնասիրեր ու պաշտպաներ Եվրոպայում մարդու իրավունքները, և իրականացրել ու ֆինանսավորել են հակահայկական և հակասեմական քարոզչություն, կեղծել են փաստաթղթեր, յուրացրել ֆինանսական միջոցներ։

Աղբյուր` Փաստինֆո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more