▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստերի շարքից. «Չարիքի» դեմ «պայքարողները» «չարիքը» պահում են գրպաններում․ Լիա Սարգսյան

«Իշխանություն» լրատվականը գրում է․

«Ժողովուրդ, ի՞նչներիս է պետք կանխիկ փողը», — հարցնում էր Նիկոլ Փաշինյանը։ Բայց երբ բացում ես հայտարարագրերը, պարզվում է՝ «չարիքը» միլիոններով պահվում է հենց նրանց գրպաններում։

Ահա թե ինչպես էր նա բացատրում, թե ինչու է կանխիկ դրամը չարիք․ «Էս կանխիկի հարցը պիտի լուծենք։ Ժողովուրդ, ի՞նչներիս ա պետք կանխիկ փողը, մի հատ կարա՞ք բացատրեք։ Ի՞նչ են անում մարդիկ կանխիկով՝ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում»։

Թվում էր, թե նման հայտարարություններից հետո վարչապետի ողջ թիմը պետք է անհապաղ հրաժարվեր կանխիկ միջոցներից։ Սակայն 2024 թվականին ներկայացված վերջին հայտարարագրերն այլ բան են ցույց տալիս։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը համակարգում է տնտեսական բլոկը, հայտարարագրել է 50 միլիոն դրամ կանխիկ միջոց։ Սա ազգային արժույթով ամենախոշոր կանխիկ գումարն է պաշտոնյաների շրջանում։

Հաջորդ պաշտոնյան պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։ Նրա մոտ բազմարժութային պորտֆել է՝ 7 միլիոն դրամ, մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար և 700 հազար եվրո կանխիկ գումար։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը պետության երրորդ դեմքն է, կանխիկ պահում է շուրջ 26 միլիոն դրամ։

Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը՝ 4 միլիոն դրամ, պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ 4 միլիոն դրամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ 3 միլիոն դրամ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մոտ 2 միլիոն դրամ կանխիկ միջոց։

Ուշագրավ է, որ հենց այս գերատեսչություններն են մշակում վճարումները և բիզնեսը անկանխիկ դաշտ տեղափոխելու քաղաքականությունը։ Ստացվում է, որ կանխիկի դեմ պայքարի հեղինակներն իրենք են նախընտրում միլիոնները պահել բանկային համակարգից դուրս։

Ստացվում է, որ իշխանությունը հասարակությանը քարոզում է, թե կանխիկը չարիք է, բիզնեսին ստիպում է աշխատել անկանխիկ, քաղաքացուն վերահսկում է մինչև վերջին դրամը, իսկ իրենք օրենքի հետ վարվում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։

Հեղինակ՝ Լիա Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more