Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քիչ առաջ հրավիրել է շտապ խորհրդակցություն՝ երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դժբախտ միջադեպով պայմանավորված մայրաքաղաքի օրվա տոնակատարության կազամակերպման և անցկացման միջոցառումների ծրագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը:
«Նախատեսված տոնական միջոցառումները չեն կայանալու»,- հակիրճ ասել է Ա. Հակոբյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Կան վիրավորներ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Աղբյուրը՝ Artsakhpress.am