-Սարսափելին այն է, որ մարդիկ սկսում են հավատալ, թե Արցախի անկախությունն իրական է, առանձին միավոր, ինչը ՀՀ տարածքային ամբողջականության հերքում է նշանակում: Արցախը Հայաստանի մասն է, իսկ անկախությունը չկա, այն արժեք չունի: Եվ սա դրված է բանակցությունների սեղանին, ու մենք, ստացվում է՝ պատրաստ ենք գոյություն չունեցող անկախությունը փոխանակել 7 շրջանների հետ: Արցախի անկախությունը հակահայկական է: Այդ դեպքում եկեք Շիրակի մարզին էլ տանք անկախություն: Վերջ ի վերջո Արցախի խնդիրը սկսվել է նրանից, որ պետք է միանար Հայաստանին: Եվ միավորվեց փաստացիորեն և իրավաբանորեն: Իսկ հիմա հետքայլ ենք կատարել,-լրագրողների հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ շարունակելով.
-Ինչո՞ւ է Հայաստանն ուզում Արցախյան խնդիրը լուծել, դա մեր խնդիրը չէ, մենք դա վաղուց լուծել ենք: Կարծում են՝ սահմանները բացվելու են ու Հայաստանը ծաղկելո՞ւ և բարգավաճելո՞ւ է: Հիմա մենք մեզ դրել ենք մի իրավիճակի մեջ, որ ստիպված ենք գնալ զիջումների՝ անընդհատ կրկնելով, որ ստատուս քվոն մեզ համար ձեռնտու տարբերակ չէ, մինչդեռ լավ էլ ձեռնտու է, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե, եթե հայկական կողմն ընդունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ընդգծած սկզբունքները նոր չեն, այդ դեպքում անհրաժեշտ է առարկայական բանակցություններ սկսել, և մեր հարցին՝ փաստորեն Հայաստանը թակարդո՞ւմ է հայտնվել ու ստիպված պետք է Հոգլանդի նշած կետերի հետ համաձայնի՞, քաղաքագետը պատասխանեց.
-Բա անընդհատ հայտարարում են, հո չեն ասելու՝ չէ: Միայն կարող ենք ասել, որ հետ են կանգնում, սխալ ենք արել 20 տարի: Ապրիլին էլ եղավ պատերազմ, հարձակվեցին մեզ վրա: Ի դեպ, դրանից հետո պետք էր օգտվել ու հրաժարվել ամեն ինչից:
Անի Կարապետյան