Սասունիկում անասնապահությունն ու հողագործությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակության ծավալները տարեցտարի նվազում են։
Բնակիչները Marz News-ի հետ զրույցում նշում էին, որ տարիներ առաջ գյուղի արոտավայրերը վարձակալության են հանձնել ինչ-որ անհատների, որից հետո անասնապահությամբ զբաղվելը դժվարացել է։ Մարդիկ ստիպված մի քանի անգամ կրճատել են անասնագլխաքանակը։
Սասունիկի վարչական ղեկավար Արման Մարգարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց՝ վերջին 10-ը տարիներին անասնագլխաքանակը կրճատվել է մոտ 3 անգամ։
«Նախկինում մոտ 1500 գլուխ խոշոր եղջերավոր ենք ունեցել, այժմ այդ թիվը չի գերազանցում 500-ը»,- ասաց նա։ Ոռոգման ջրի խնդիրը ևս գյուղում ամբողջովին լուծված չէ։ Հողագործները ստիպված են հերթագրվել ու ըստ սահմանված ժամանակացույցի ոռոգել այգիները։ «Այդ ընթացքում բերքը կարող է չորանալ»,- ասում է Սուրեն պապը։
Սասունիկը Հայաստանի երիտասարդ գյուղերից է։ Գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում։
Բնակիչներն այստեղ են եկել Խորհրդային տարիներին՝ Հայաստանի տարբեր շրջանններից, մեծ մասը՝ Վերին Սասունիկից։
Բնակչության 25-30 տոկոսը սասունցիներ են։ Գյուղն ունի 1100 տնտեսություն, շուրջ 4000 բնակչություն։