Աղավնի Ներսիսյանի պատմությունը
1912 թ., Ալաշկերտ
Լիլիթ Յալոյանը ներկայացնում է Ցեղասպանություն վերապրած իր տատի՝ Աղավնի Ներսիսյանի, և պապի` Արմենակ Յայլոյանի պատմությունը, որոնք մեծացել են Ամերիկյան որբանոցում: Լիլիթը նշում է, որ ցեղասպանության մասին իմացել է տատի պատմելով, երբ դեռ տասը տարեկան էր: Պատմել է, որ իր հայրը, հորեղբայները գերդաստանի կանանաց Արևելյան Հայաստան բերելուց հետո հետ են գնացել Տաճկաստան: Սովից մեռնելու վախը մորն ու տատին ստիպել է իրեն մանկատուն հանձնել: Դրանից հետո նրանց այլևս չի տեսել:«Տատս՝ Աղավնի Ներսիսյանը, և պապս` Արմենակ Յայլոյանը, մեծացել են Ամերիկյան որբանոցում: Ես ցեղասպանության մասին իմացել եմ տատիս պատմելով, երբ տասը տարեկան էի: Տատս շատ բան չէր հիշում, պատմում էր, որ ունեցել է մեծ գերդաստան: Փոքրիկ քրոջն էր հիշում և իրենից մեծ եղբայրներին մի փոքր ավելի աղոտ: Հիշում էր, որ ինքն Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ քաղաքից է, և իր պապը` Հովսեփ Ներսիսյանը, շատ հարուստ մարդ է եղել: Ցեղասպանության ժամանակ ամեն ինչ կորցրել են: Ասում էր, որ իր հայրը, հորեղբայները գերդաստանի կանանաց Արևելյան Հայաստան բերելուց հետո հետ են գնացել Տաճկաստան. այսպես էր կոչում տատս Արևմտյան Հայաստանը: Սովից մեռնելու վախը մորն ու տատին ստիպել է իրեն մանկատուն հանձնել: Դրանից հետո նրանց այլևս չի տեսել:
Կարծում էր, որ սովից մահացել են: Կար նաև մեկ այլ խնդիր. գաղթի ճանապարհին տատս հիվանդացել էր ծաղիկ հիվանդությամբ և կուրացել: Մանկատանը մեծանալով` հանդիպել էր ամուսնուն, ով Շիրակի Սարյար գյուղից էր ու նույնպես կույր: Ես մեկ տարեկան էի, երբ պապս մահացավ և պապիս պատմությունն էլ տատս ու հայրս են պատմել ինձ:Հայրս ասում է, որ հաճախ էր պապիս տխուր, պատշգամբում քթի տակ մտմտալիս տեսնում: Պապս ծնվել է 1904 թվականին: 10 տարեկան է եղել, երբ թուրքերն իրենց գյուղ էին մտել:
Հիշում էր հորեղբոր ձայնը, ում տանջամահ էին արել: Այսօր էլ Շիրակի տարածաշրջանի ժողովուրդը ցեղասպանության օրն իջնում է Ջարդի ձոր կոչվող տարածքը, որտեղի կոտորածն էլ հիշում էր պապաս: Պապիս թուրքերը նկատել էին, բայց չէին սպանել՝ համարելով, որ Աստծո պատժած է՝ կույր: Իրեն գյուղից դուրս էր բերել ջարդի ժամանակ ինչ-որ տեղ թագնված ու փրկված 6-ամյա եղբայրը՝ Խաչիկը: Պապս յոթ քույր, մի եղբայր է ունեցել, քույրերից վեցն անհետ կորել էին՝ քուրդ ավազակախմբերն էին փախցրել: Եղբայրը զոհվել է Հայրենական պատերազմում: Արդյունքում հայրս շատ հարազատներ չուներ: Ուներ մի մեծ հորաքույր, 2 հորեղբոր տղա, մեկ հորեղբոր աղջիկ և մեկ մորաքույր՝ մորական կողից»: