«Շուշիի հաղթական տանկի հրամանատար Գագիկ Ավշարյանը մահացել է». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարիներ շարունակ Արցախ գնացող մարդկանց Շուշիի հատվածում դիմավորում էր Շուշիի ազատագրման ժամանակ առաջինը մուտք գործած հաղթական տանկը, որը պատերազմից հետո որպես հաղթանակի խորհրդանիշ` հուշարձանի կարգավիճակով, մոտակա բարձունքում էր տեղակայված:
Երեկ իմացա, որ տանկի երբեմնի հրամանատար Գագիկ Ավշարյանը մահացել է ու գնացել, միացել է իր անձնակազմի 2 անդամներին, որոնք դեռ Շուշիի ազատագրման ժամանակ էին նահատակվել:
Երկար ժամանակ մտածում էի, թե 44-օրյա պատերազմից և հատկապես 2023 թվականի Արցախի օկուպացիայից հետո ինչ էմոցիոնալ ու ողբերգական ապրումներ է ունեցել մարդը, ով հայրենիքի համար կարևոր պահին իր եղբայրների հետ կամավորագրվել էր հայրենիքի ազատագրության սուրբ գործին, իսկ հետո տեսել է իր ակտիվ մասնակցությամբ ազատագրված Շուշիի անկումը, Արցախի ադրբեջանացումն ու երբեմնի հավատարիմ տանկի ապամոնտաժումը:
Գնդապետ Գագիկ Ավշարյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր էր` հայրենիքի նվիրյալ, որի սխրանքների մասին սերունդները հիշելու և վստահ եմ` նաև կրկնելու են:
Հավերժ փառք Շուշիի հաղթական Տ-72 տանկի անձնակազմին` Գագիկ Ավշարյանին, նշանառու-օպերատոր Շահեն Սարգսյանին, վարորդ-մեխանիկ Աշոտ Ավանեսյանին և հայրենիքի պաշպանության համար նահատակված բոլոր նվիրյալներին»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet