Ես այս կառույցի նախագիծը վաղուց էի տեսել ու...հիացել էի...
Մտածում էի` միթե այս անձեռակերտ ճերմակությունը կարող է նույնությամբ` առանց խաթարման կյանքի կոչվել:
Պարզվեց` հնարավոր է:
Այսօր տեղի ունեցավ Նարեկ Սարգսյանի հեղինակած Կառավարության նոր շենքի բացման արարողությունը /որտեղ, ըստ տեղեկությունների, պետք է տեղավորվեն 5 նախարարություններ/:
Ոչ միայն երկրի մայրաքաղաքը, այլեւ` հայրենիքը հարստացավ մի նոր արժեքով:
Իսկապես առանց հիացմունքի հնարավոր չէ ընդունել այս իրողությունը:
Կառավարության նոր շենքը ազգային ու եվրոպական տարրերով մտահղացված եւ իրագործված համալիր է, որտեղ ակնառու են թամանյանական Կառավարության շենքի զարդանախշերը:
Պետք է ողջունել եւ գնահատել այս բացառիկ կառույցը:
Ինձ որ` խանդավառում է:
Լինելով բնիկ երեւանցի` ինձ երջանկացնում է նաեւ նոր Երեւանը /անկախ նրանից, որ քաղաքաշինական խնդիրների լուծման գործում ինչ-ինչ թերացումներ ու բացթողումներ են եղել/:
Դա բնական է:Աշխարհի ոչ մի մայրաքաղաք առանց վեճերի ու աղմուկի չի կառուցվել ու վերակառուցվել: Ոչ մի մայրաքաղաք` առանց դարի ու ժամանակի զգացողությունը չունեցող ,,թշնամական բանակի,, գոյության չի կայացել:
Ինձ իսկապես փառավորում է այս համալիրը, որը թարմության, մաքրության, անաղարտության, անսպասելիության զգացումներ է առաջացնում իմ մեջ:
Ճիշտ է Մեծն Թումանյանը: Պետք է կարողանալ վերածնվող հայրենիքի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերել....
Շնորհավո'ր Ճարտարապետ, շնորհավո'ր երկիր ...
Լուսանկարները՝ ՖոտոԼուրի