Սիրիական բանակը նախապատրաստվում է ամբողջ քաղաքացիական պատերազմի ընթացքում ամենամասշտաբային գործողությանը՝ Հալեպի ազատագրմանն. Ինչու՞
France Press գործակալությունը, հղում կատարելով սիրիական բանակի սեփական աղբյուրներին, հաղորդում է, որ սիրիական բանակային ստորաբաժանումները և նրանց հարող տարաբնույթ կառավարամետ ուժերը նախապատրաստվում են ողջ ներքին զինված հակամարտության ընթացքում ամենամասշտաբային ռազմագործողությանը՝ երկրի՝ մեծությամբ երկրորդ՝ Հալեպ քաղաքի ազատագրմանը:
Արդեն ընթացիկ մարտավարության համաձայն՝ սիրիական բանակը փորձում է ընդլայնել քաղաքում և նրա շուրջ առկա անվտանգության գոտին՝ նպատակ ունենալով արգելափակել հակակառավարական ուժերին տրամադրվող սպառազինության և մարդկային համալրումների հնարավոր ուղիներն ինչպես քաղաքի արվարձաններից, այնպես էլ՝ երկրի այլ շրջաններից:
Ներկայում քաղաքը բաժանված է 2 հիմնական ազդեցության գոտիների՝ արևմտյան հատվածը վերահսկվում է կառվարական ուժերի կողմից, արևելյանը՝ տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումների:
Հալեպի Նահանգը ևս մասնատված է. «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը վերահսկում է արևելյան հատվածը, իսկ արևմտյան շրջանները գտնվում են ընդդիմադիր մի շարք կառույցների և Սիրիայում «ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման ազդեցության ներքո: Մինչդեռ ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ՝ կառավարական ուժերը դանդաղ, բայց վստահորեն շարժվում են նահանգի հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ. ռուսական օդուժի գործողություններն էականորեն սահմանափակել են նաև թուրք-սիրիական սահմանից ընդդիմադիր որոշ կառույցներին ցուցաբերվող օժանդակության հնարավորությունները:
Աղբյուրի հավաստմամբ՝ կառավարական ուժերը քաղաքի շուրջ մարտեր են մղում միաժամանակ 7 ուղղություններով՝ նպատակ ունենալով խափանել ընդդիմադիրների մատակարարման ու համալրման ուղիները և մեկուսացնել նրանց Հալեպի արևելյան հատվածում:
Վերոնշյալի համատեքստում, այնուամենայնիվ պետք է նշել, որ Հալեպի ազատագրումը ռազմական տեսանկյունից իրենից ներկայացնում է բավական բարդ և տևական ռազմագործողություն, որի վերջնարդյունքը տեսանելի ապագայում հազիվ թե առարկայանա ռազմական հարթության շրջանակում: Պետք է ընդգծել նաև, որ եթե Հալեպի նահանգում և արվարձաններում ռուսական օդուժը կարողանում է աջակցել սիրիական կառավարական ուժերին, ապա արդեն բուն քաղաքի ազատագրման գործում ավիացիայի դերակատարությունը շատ ավելի սահմանափակ է լինելու:
Մինչդեռ այս պարագայում առավել կարևոր է ռազմագործողության հետ կապված ժամանակային որոշ առանձնահատկությունների նշանակությունը: Բանն այն է, որ ռազմագործողությունն առավել ակտիվանում է հունվարի վերջին Ժնևում ծրագրված ներսիրիական բանակցությունների նախաշեմին: Ասել է թե, ռազմավարական խիստ կարևորություն ունեցող Հալեպում ընթացող մարտերում անգամ սահմանափակ հաջողություններն էականորեն կամրապնդեն կառավարական պատվիրակության դիրքերը բանակցային սեղանի շուրջ:Թերևս այս նպատակին է միտված նաև սիրիական բանակի և նրան հարող ուժերի աննախադեպ ակտիվությունը հարավային ճակատում ևս:
Վերոնշյալը հաշվի առնելով՝ կարելի փաստել, որ Հալեպի ճակատագիրն շատ ավելի արդյունավետ կերպով կարող է որոշվել ոչ թե ռազմական գործողությունների արդյունքում, այլ՝ բանակցային սեղանի շուրջ, և Հալեպում, ինչպես նաև Սիրիայի՝ ոչ ԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող հատկապես խոշոր բնակավայրերում զինադադարի թեման կարող է առանցքային լինել սիրիական հակամարտության կարգավոման խաղաղ գործընթացի որևէ փուլում, եթե, այնուամենայնիվ այն արձանագրի դրական արդյունավետություն և լինի շարունակական: