«Շենգավիթ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան հերթական դեպքն է արձանագրվել: Նոյեմբերի 19-ին 25-ամյա ծննդկան Լարիսա Շահբազյանի մոտ 36 շաբաթվա հղիությունից հետո գրանցվել է պտղի մահացության դեպք: Ծննդկանի հարազատները երեխայի մահվան մեջ մեղադրում են Շենգավիթ ԲԿ-ի ողջ բուժանձնակազմին՝ հատկապես Անի Սեյրանովնային ու հերթապահ բժիշկ Անահիտ Սիրունյանին:
Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ծննդկանի տեգր Արթուր Քոչարյանը պատմել է կատարվածի մասին: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ հարսին «Շենգավիթ» ԲԿ են ուղեգրել Արմավիրի բժշկական կենտրոնից:
« 34 շաբաթական հղիության մեջ էր Լարիսան, երբ ընդունվեց «Արմավիր» ԲԿ: Այստեղ 3 օր պահելուց հետո հարսիս մոտ տեղի ունեցավ պտղաջրերի վաղ արտահոսք, տեղափոխեցինք Երևանի «Շենգավիթ» ԲԿ: Այստեղ երկու շաբաթ մնալուց հետո նորից պտղաջրերի վաղ արտահոսք եղավ, երկու անգամ արհեստական ցավեր տվեցին, որ ծննդաբերի, այսինքն՝ այդ ողջ ընթացքում հարսս եղել է բժիշկների հսկողության տակ»,- դեպքի մանրամասները պատմեց Արթուր Քոչարյանը:
Վերջինս մասնագիտությամբ բժիշկ է և անձամբ ներկա լինելով ծննդաբերությանը՝ փաստեց, որ որևէ խնդիր ծննդաբերության ժամանակ չի առաջացել. «Երեխայի քաշը 2կգ 750գ էր, հասակը՝ 52սմ, արտաքնապես երեխան առողջ էր, թոքերը լավ էին աշխատում»:
«Երեխային մահացրել են բժիշկները: Սա հիվանդանոց չէ, չգիտեմ էլ, թե ինչ է: Հարսիս գոնե ծնարան տանեին, իմանային՝ ինչ է կատարվում: Միայն ցավեր են տվել, հետո էլ հարսս զգացել է, որ երեխան այլևս չի շարժվում: Երբ բժիշկները տարել են հետազոտման, հայտարարել են, թե սրտի կանգ է գրանցվել, իսկ Անի Սեյրանովնան չգիտենք ինչով էր զբաղված այդ պահին»,- զրույցի ընթացքում ասաց Արթուրը
«Երբ ես տեսա պտուղը, պորտալարն այնպես էր փաթաթվել, որ վիզը պոկել էր: Իրենք պետք է անմիջապես կեսարյան անեին, երեխային հանեին, ոչ թե թողնեին, էդպիսի ողբերգություն լիներ: Առողջ երեխա էր, 36 շաբաթական, թոքերն ամբողջությամբ գործում էին»,- պատմեց ծննդկանի տեգր Արթուր Քոչարյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ եթե Լարիսային հետազոտեին, պետք է անմիջապես կեսարյան հատում կատարեին, բայց հերթապահ բժիշկը միայն արհեստական ցավեր է տվել: Արթուր Քոչարյանի խոսքով՝ ծննդկանի հարազատներին զայրացրել է հատկապես այն հանգամանքը, որ բժիշկները Լարիսային անձամբ են հայտնել երեխայի մահվան լուրը՝ առանց նրա հարազատների հետ նախապես խորհրդակցելու:
Հարազատները դեպքից անմիջապես հետո ցանկացել են խոսել բաժնի վարիչի կամ տնօրինության ներկայացուցչի հետ, սակայն ոչ ոք այդպես էլ իրենց չի ընդունել:
«Փոխտնօրեն Մխիթարյանն անընդհատ ինձ զանգահարում էր ու խնդրում, որ հարցը փորձենք լուծել առանց աղմուկի, ինչն ինձ ավելի է բարկացրել»,-ասաց Արթուրը՝ հավելելով, որ իրենք որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեն,պարզապես ցանկանում են, որ երեխայի մահվան մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը:
«Նրանք դեռ չգիտեն, թե ես ինչ կարող եմ անել, գնալու եմ մինչը վերջ, չեմ թողնելու, որ մեղավորներն անպատիժ մնան»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց Արթուր Քոչարյանը:
Հավելենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
Նշենք, որ «Շենգավիթ» ԲԿ-ն նոյեմբերի 27-ին պարզաբանում է հրապարակել՝ նշելով, որպտուղը ծնվել է պարանոցին և ստորին վերջույթներին պորտալարի ամուր փաթաթումով, պորտալարի երկարությունը կազմել է 47 սմ:
Հիշեցնենք, որ դեռևս 2015 թ. «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին և ողջ բուժանձնակազմին:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան